Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 11

ՆՈՒՅՆՔ, առանց ԳՅՈՒԼՆԱԶԻ

ՀԱՅՐԱՊԵՏ. Բաս ես գնամ նրա գլուխը շների բաժին դարձնեմ, թեկուզ խանչալ քաշի ինձ վրա։ (Դիմում է դԵպի խորքի դուռը):


ԲԱՐԽՈՒԴԱՐ. Սպասիր։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Կանգ է առնում):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ես դրա համար չեմ կանչել քեզ։ Եթե դու խրատող հայր լինեիր, մինչև հիմա կխրատեիր։

ՀԱՅՐԱՊԵՏ. Քիչ ե՞մ խրատել, քի՞չ եմ ծեծել։ Էլ ճիպոտ չմնաց տանը, որ վրեն կոտրած չլինեմ։ Որ չխրատվեց, ի՞նչ անեմ։ Դու էլ ես ծեծել, կարողացա՞ր մարզ շինել։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ականջ դիր։ (Հուզմունքը զսպելով): Այս երեկո բազարից տուն եմ գալիս, մեր փողոցի անկյունում մի քանի ջահել֊ջուհուլներ, հավաքված, լախկռթու են տալիս։ Մոտեցած, չմոտեցած՝ նրանցից մեկն ասում է. «Դա չէ՞ Սեյրանի հետ գիշերն իրենց ծառի տակ պաչպչվող աղջկա հայրը»։ «Դա է»,— պատասխանում է մյուսը։ Լսում եմ թե չէ՝ քիչ է մնում խելքս գլխիցս թռչի։ Աչքերս արյուն են կոխում, ուզում եմ՝ ետ դառնալ, լրբերի գլուխները ջարդել, բայց մտածում եմ՝ նրանք ի՞նչ մեղք ունեն, լսել են, խոսում են։ Անիծում եմ չար սադայելին, ճանապարհը շարունակում։ (Ձայնը ընդհատելով): Գալիս եմ տուն անիծածին խրատելու։ Ներս եմ մտնում։ Օ՜, Հայրապետ։ Թշնամիս չտեսնե այն, ի՛նչ որ ես տեսա։ Որդիդ գրկել է աղջկաս, պաչում է։ Ուզում եմ բռնել լակոտիդ, ոտներիս տակ գցել, փախչում է։ Աչքերս մթնում են, բռնում եմ աղջկաս թևից, տանում մյուս սենյակ։ Դե լսիր ինչպես է տնքտնքում։

ՀԱՅՐԱՊԵՏ. Անսիրտ ես, Բարխուդար, անսիրտ։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Եթե մայրը վրա չհասներ, չչոքեր առա՛ջս, ո՞վ գիտե կարելի էր ծեծելով սպանեի։

ՀԱՅՐԱՊԵՏ․ Կսպանեիր, կսպանեիր, ես քեզ ճանաչում եմ։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ի՞նչ արած. ծեծել եմ, համ էլ խղճում եմ:

ՀԱՅՐԱՊԵՏ. Այդպես չի կարելի, Բարխուդար, դու շատ խիստ