Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 14

ՆՈՒՅՆՔ. ՍԵՅՐԱՆ. հետո ՄԱՐԻԱՄ և ԳՅՈՒԼՆԱԶ

ՍԵՅՐԱՆ. (Շտապով գալիս է խորքի դռնով, հուզված, առանց գդակի): Սպասիր:


ՀԱՅՐԱՊԵՏ. Պակասը դու էիր։ (Կանգ է առնում):

ՍՄԲԱՏ. (Խոր ընկերական կշտամբանքով): Սեյրա՞ն։

ՍԵՅՐԱՆ. Սուս, ես էլ իմը պիտի ասեմ, հետո ինչ ուզում են, թող անեն։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Զայրանալով): Դուրս կորի այստեղից, դուրս, ասում եմ։

ՍԵՅՐԱՆ. Դու լսիր, դու լեզու չունես այդ մարդու մոտ։ (Բարխուդարին): Լսիր, ջառ ու ջահաննամը դու էլ, քո բարեկամությունն էլ, պատիվն էլ, նամուսն էլ։ Ինձ համար այդ բոլորը Սուսանի մի եղունգին չարժե։ Դու ուզում ես խլել ինձանից: Չես կարող, երկինքը վկա, չես կարող: Ես քեզ կսպանեմ, այդ չեմ թողնիլ:

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Ծաղրաբար): Մի՞թե։

ՍԵՅՐԱՆ. Ես քեզ ասում եմ, չեմ թողնիլ: Ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես ծեծում նրան։ Ես լսում էի նրա ձայնը։ Գազան, ի՞նչ մեղք է արել նա, որ տանջում ես։ Նա իմ հարսնացուն է, ես նրա նշանածը։ Ուզեցինք տեսնվել, տեսնվեցինք։ Քեզ ինչ, կամ ձեզ ի՞նչ։ Ի՞նչ իրավունքով եք մեջ ընկնում, ի՞նչ իրավունքով։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Հայրապետին): Դուրս տար այդ անպատկառին թե չէ գլուխը շների կերակուր կշինեմ։ (Ուզում է հարձակվել Սեյրանի վրա):

ՍՄԲԱՏ. (Բարխուդարի թևից քաշելով): Համբերիր, թող տեսնենք ինչ է ասում


ՏԵՍԻԼ 15




ՆՈՒՅՆՔ, ՄԱՐԻԱՄ և ԳՅՈՒԼՆԱԶ



ՄԱՐԻԱՄ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռնով այն վայրկյանին, երբ Բարխուդարը ուզում է հարձակվել Սեյրանի վրա): Աման աստված, կարող է սպանել երեխայիս։