Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 13

ՆՈՒՅՆՔ, առանց ԳՅՈՒԼՆԱԶԻ և ՄԱՐԻԱՄԻ

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Նստում է սնդուկներից մեկի վրա, գրիչը թաթախում է թանաքամանի մեջ): Ո՞րտեղ է գրված այն անառակների մասին։


ՍՄԲԱՏ. (Ցույց է տալիս ավետարանի կազմի մեջ այն տեղը, ուր նշանակված էր Սուսանի և Սեյրանի նշանվելը): Ահա՛, այստեղ։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Անուն հոր և որդո և հոգույն սրբո։ (Գրիչը հանդիսավոր բարձրացնում է): Ինը տարի սրանից առաջ ես ուխտեցի իմ աղջկան քո որդուն տալ, այսօր ինքս իմ ձեռքով ջնջում եմ իմ ուխտը։ (Ուզում է ջնջել):

ՀԱՅՐԱՊԵՏ. (Կրոնական սարսափով բռնելով Բարխուդարի ձեռքը): Կաց, մարդ, մի անիր, աստված քեզ կպատժի։

ԲԱՐԽՈՒԴԱՐ․ Թող պատժի։ (Հրելով Հայրապետին, ջնջում է Սմբատի գրածը, մի քանի անգամ գիծ քաշելով նրա վրա): Վերջացավ։ Թող իմ դատաստանն երկնքում լինի եթե ես վատ բան արի։

ՀԱՅՐԱՊԵՏ․ (Մեկուսի): Այս մարդը մեզ կործանելու է։ (Բարխուդարին): Ուրեմն՝ էլ աղջկադ չե՞ս տալիս իմ որդուն։

ԲԱՐԽՈՒԴԱՐ․ (Ավետարանը Սմբատին տալով, վեր է կենում): Ո՛չ ես աղջիկ ունեմ, ո՛չ դու որդի:

ՍՄԲԱՏ. (Սրտմտությամբ): Հայր։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Խիստ): Քո բանը չէ։

ՀԱՅՐԱՊԵՏ. Լավ մտածիր, ինչ արիր:

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ինչ որ արի, արած է։

ՀԱՅՐԱՊԵՏ. Իսկ մեր քառասուն տարվա բարեկամությունը։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ես էգուցվանից կհրամայեմ, որ շինեն պարիսպը մեր տների մեջ։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Ճակատագրին խոնարհվողի հեզությամբ): Լավ, թող քո ասածը լինի։

ԲԱՐԽՈՒԴԱՐ․ Ես իմ նամուսը բարեկամության համար ծախել չեմ կարող։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Գլուխը քարշ՝ քայլերն ուղղում է դեպի խորքի դուռը):