Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ. ՀՅՈՒՐ. (Տղամարդ, երաժիշտներին): Ղայթաղի ածեցեք։

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Լեզգու պարերգ են նվագում):
ՀՅՈՒՐԵՐ. (Երկու սեռից հերթով պարում են):
ՍՈՒՍԱՆ. (Սուսամբարի օգնությամբ քաշվել է մի անկյուն, սակայն միշտ ավանսցենի մոտ): Էգուց կգնա՞ս մորս տեսնելու։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Անպատճառ։ Բան ունի՞ս ասելու։
ՍՈՒՍԱՆ. Համբուրիր նրան, սիրտ տուր, ասա, որ ուրախ եմ, բախտավոր։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Եվ շուտով հորս էլ կուրախացնեմ, չէ՞։
ՍՈՒՍԱՆ. Այո, այո, Սուսամբար, թող հանգիստ լինի. ես անմեղ եմ։ Հետո կգա՞ս ինձ մոտ։ Մենակ մի թողնիր ինձ, Սուսամբար, ես կարող եմ խելագարվել։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Չեմ թողնիլ, մի վախենար։ Բայց երեսդ սկեսրիդ տխուր ցույց չտաս։ Վաղը չէ մյուս օրը կգամ քեզ տեսության։ Դե, մնաս բարով։ (Համբուրում է և, աջ կողմի դռների մոտ ստանալով չարշովը պատանուց, գնում է խորքի դռներով):
ՀՅՈՒՐԵՐ. (Պարերը վերջացնելուց հետո, սկսում են ցրվել: Կանանցից ոմանք համբուրում են Սուսանին, մի քանի պառավ կանայք հետաքրքրված բարձրացնում են Սուսանի քողը: Ոմանք հիանում են նրա գեղեցկությամբ, ոմանք դժգոհության նշաններ են անում: Տղամարդիկ սեղմում են Ռուստամի ձեռը):
ՍՄԲԱՏ. (Մոտենում է Սուսանին և հետը համբուրվում):
ՍՈՒՍԱՆ. (Փաթաթվում է Սմբատի պարանոցին և դառնագին հեկեկում):
ՍՄԲԱՏ. Լավ, Սուսան, երեխա մի լինիր, սիրտ առ, դու բախտավոր ես։
ՍՈՒՍԱՆ. Ոչինչ, ոչինչ։ Մամային չասես, որ լաց եղա։
ՇՊՊԱՆԻԿ. (Մոտենում է Սուսանին Սանամի հետ): Աղջի, լաց լինելս ո՞րն է։ Է՜է, չէ, դա չսազեց այսօրվա օրին։ Բոյիդ Շպպանիկը մատաղ։ (Համբուրում է Սուսանին): Գեոզալների գեոզալ, խանումների խաթուն, տես ինչ տուն եմ բերել քեզ։ Խանի Պողոսի աղջիկն էլ այսպիսի տուն չի տեսել։ Դեհ, մնաս բարով, աչքիս լույս։ (Սանամին