Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

ՍԵՅՐԱՆԻ ՎՐԵԺԸ

Ռուստամի խանութը Թեյմուր-Խան Շուրա քաղաքում։ Բեմը ցած միջնորմով բաժանված է երկու մասի։ Այդ միջնորմը, խորքից սկսելով, հասնում է մինչև կեսը, այնպես որ չի խանգարում տեսարանի միությունը։ Աջ կողմը ներկայացնում է բուն խանութը, լի ամեն տեսակ ապրանքներով, սկսած մահուդեղենից մինչև ուտելիքներ և ըմպելիքներ։ Աջ պատի վրա շինած դարակները ծանրաբեռնված են այդ ապրանքներով։ Նույնն է և պատի առջևի «զաստոյկան», որի վրա խառնիխուռն դարսված են ապրանքները։ Խորքում, դեպի աջ, մի մեծ ապակյա ցուցափեղկ (витрина), որի ապակյա դարակների վրա դարսած են գույնզգույն ըմպելիքներով լիքը շշեր։ Այդ ցուցափեղկի քով, դեպի ձախ, մի դուռ, որ տանում է դեպի փողոց։ Ձախ կողմը բեմը ներկայացնում է կես գինետուն։ Մեջտեղ մի կլոր սեղան՝ առանց ծածկոցի, քովը մի քանի նստարաններ (табуретки)։ Ձախ պատի մեջ դուռ, որ տանում է դեպի Ռուստամի ննջարանը և խոհանոց։ Նույն պատի վրա դեպի խորքը, կախած է տեղական գորգ, որի վրա քարշ են արած մի սև յափունջի, մի լեզգու սպիտակ շուլահի՝ երկայն մազերով, մի զույգ ատրճանակ, կեռ, արծաթապատ կոթերով, մի չախմախի երկայն հրացան։ Խորքի պատի մեջ մի լուսամուտ փակ փեղկերով։ Այդ լուսամուտի միջով անցկացրած է մեջտեղ վառվող երկաթյա վառարանի ծխնելույզը