Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱՎԱԴ. Այդպես շո՞ւտ։ Երեք ամիս չկա այնտեղից գալդ։

ՌՈՒՍՏԱՄ. Այո, բայց այժմ այդ երեք ամիսը ինձ երեք տարուց ծանր է թվում։
ՋԱՎԱԴ. (Նենգամիտ խորհրդավորությամբ)։ «Այժմ» (բարեկամաբար): Հասկանում եմ, բարեկամ։
ՌՈՒՍՏԱՄ․ (Լուրջ): Մի՛ ծաղրիր, Ջավադ, դու պսակված չես, դժվար թե հասկանաս ինչքան քաղցր է ընտանիքը։ Գործերս չթողին, որ այս ջրօրհնեքին այնտեղ անցկացնեմ, բայց զատկին անպատճառ գնալու եմ։
ՋԱՎԱԴ. Որ այդպես կարոտում ես, բեր ընտանիքդ այստեղ։
ՌՈՒՍՏԱՄ. Մայրս չի ուզում գալ, իսկ նրան չեմ կարող մենակ թողնել։
ՋԱՎԱԴ. Այս պառավները իրանց հայրենիքի ավերակներն էլ են պաշտում։
ՌՈՒՍՏԱՄ. Այն օրից, որ պսակվել եմ, ինձ համար էլ սիրելի են դարձել այդ ավերակները։
ՋԱՎԱԴ. Ահա թե ինչ։
ՌՈՒՍՏԱՄ. (Ոգևորվելով): Ես կարող եմ ասել, Ջավադ, որ չկա ապրուստ առանց կնոջ։
ՋԱՎԱԴ. Տեսնում եմ, տեսնում եմ։ Առաջ դու անխոս, մռայլ մարդ էիր. այժմ բլբուլ ես դարձել։ (Հառաչելով): Երանի քեզ։
ՌՈՒՍՏԱՄ. Պսակվիր, Ջավադ, պսակվիր, ընտանիքը քաղցր բան է։
ՋԱՎԱԴ. Այո, քաղցր է, բայց չար մարդիկ այդ սրբությունն էլ են ապականում։
ՌՈՒՍՏԱՄ. (Հուզվելով): Ահ, մի՛ հիշեցնիր ինձ այդ, Ջավադ, մի հիշեցնիր։ Ես իմ քաշած տանջանքները քեզ պատմել եմ։ Այդ երեք օրը ինձ թվում էր, որ աշխարհը գլխիս խավարվեց։
ՋԱՎԱԴ. Ինչ երեխայություն էր քո կողմից ուշադրություն դարձնել կեղտոտ ու հարբած մարդկանց բարբաջանքներին։
ՌՈՒՍՏԱՄ. Եվ ո՞ւմ էին զրպարտում, աստված իմ, Սուսանին, իր նամուսի գերի Բարխուդարի աղջկան։ Մարդ պետք է հոգի չունենա այնպիսի մի անմեղ հրեշտակի վրա կեղտ