Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափ է տալիս դռան մոտ և բերում կախ է անում միջնորմի վրա խանութի կողմից: Կրկնակոշիկները թողնում է անկյունում):

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Օրհնյալ է ծնունդ Քրիստոսի։ (Կրոնական երկյուղածությամբ նշխարքը բերանն է դնում):
ՋԱՎԱԴ. Ո՞վ կա։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Մենակ է: Ձյո՞ւն է գալիս։
ՋԱՎԱԴ. Բուք է սկսվում։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Իսկ և իսկ ծննդյան երեկո է։
ՌՈՒՍՏԱՄ. (Գալիս է ձախ կողմի դռնով: Հագած է սև ոչ երկայն արխալուղ, վրեն դեղնագույն չուխա ուղտի բրդից: Գլխաբաց է: Մռայլ դեմքը պարզվել է: Ուրախ ու զվարթ): Ջավա՜դ։
ՋԱՎԱԴ. Շնորհավոր ծնունդ Քրիստոսի։ (Նշխարք է տալիս):
ՌՈՒՍՏԱՄ. (Նշխարքը բերանը դնելով): Օրհնյալ է ծնունդ Քրիստոսի։
ՋԱՎԱԴ. Ինչո՞ւ եկեղեցում չէիր։ (Անցնում է միջնորմի մյուս կողմը և նստում սեղանի քով):
ՌՈՒՍՏԱՄ. Ղազի-Ղմուխից մի քանի ծանոթ լեզգիներ էին եկել ապրանք առնելու, չկարողացա գալ։ Այ տղա Համբարձում, չայ բեր:
ՋԱՎԱԴ. Ի՞նչ լուր ունիս մեր քանդվածից։
ՌՈՒՍՏԱՄ. Հենց այս րոպեին մորս նամակն էի կարդում։ Էլի մի թեթև երկրաշարժ է եղել (Նստում է):
ՋԱՎԱԴ. Անիծվին այդ երկրաշարժները, որ մեզ օտար երկրներ գցեցին։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Բերում է երկու բաժակ թեյ և դնում կլոր սեղանի վրա):
ՌՈՒՍՏԱՄ. Քանի՞ տարի է չես եղել հայրենիքում։
ՋԱՎԱԴ. Առաջիկա զատկին տաս տարին կլրանա։ (Թեյ է խմում):
ՌՈՒՍՏԱՄ. Չե՞ս կարոտել։ (Թեյ է խմում):
ՋԱՎԱԴ. Ո՞վ ունիմ այտնեղ, որ կարոտեմ։
ՌՈՒՍՏԱՄ. (Հառաչելով): Ահ, եթե թևեր ունենայի, այս րոպեիս կթռչեի այնտեղ։