Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱՎԱԴ. (Հանգիստ նստելով իր տեղը): Հինգ չլինենք վեց լինենք, եկողը մեր գլխի վրա տեղ ունե։ Նստիր, աստծու հյուր։

ՍԵՅՐԱՆ. (Առանց բաշլղը գլխից վերցնելու, բայց երեսը բաց, սառը գլուխ է տալիս ամենքին և նստում սեղանի ծայրին, ձեռը հենելով դաշույնի դաստակին: Տխուր է, գունատ: Աչքերը կարմրած են, բայց դեմքն արտահայտում է մի անխախտ վճիռ: Մինչև այժմ չի նայել Ռուստամին և աշխատում է խույս տալ նրա հայացքներից):
ՌՈՒՍՏԱՄ. (Հանգիստ նստում է յուր տեղը): Այ տղա, Համբարձում, մի գավաթ բեր, գինի տուր։ Փլավը բեր։
ՄԱՐՏԻՐՈՍ. (Սեյրանին): Քամին թո՞ւնդ է դրսում։
ՍԵՅՐԱՆ. Քամի չկա։
ՄԱՐՏԻՐՈՍ. Ինչպես թե չկա։ Չե՞ս լսում ինչպես է մռնչում գայլի նման։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Երկու կուլա նոր գինի և մի գավաթ ավելացնում է սեղանի վրա: Ապա գնում է ձախ կողմի դռնով և վերադառնում է ձեռին մի մեծ սկուտեղ փլավ, որ դնում է սեղանի վրա):
ՍԵՅՐԱՆ. (Առանց Ռուստամին նայելու, նրա առաջարկած գինին արհամարհանքով մերժում է): Արաղ տվեք ինձ։
ՋԱՎԱԴ. (Օղի է ածում Սեյրանի համար): Համեցեք։
ՍԵՅՐԱՆ. (Մի կումով դատարկում է օղու բաժակը): Կարելի՞ է մեկն էլ խնդրել։
ՋԱՎԱԴ. (Նորից օղի լեցնելով): Մեկն էլ կարելի է, տասնմեկն էլ։
ՋԱՀԱՆԳԻՐ. Մինչև կհասնես մեր գրադուսին։ (Փլավ է ածում յուր համար):
ՄԱՐՏԻՐՈՍ. Եվ հետո կսկսես սատանաների հետ ղայթաղի պարել։ (Փլավ է ածում յուր ամանի մեջ):
ՍԵՅՐԱՆ. (Մի կումով դատարկում է օղու երկրորդ բաժակը): Ես սատանաների հետ շատ եմ պարել։
ՄԱՐՏԻՐՈՍ. Տեր մեղա քեզ։
ՍԵՅՐԱՆ. (Դատարկ բաժակը բռնելով գավաթի առջև): Մեկն էլ։
ՋԱՎԱԴ. Աչքիս վրա։ (Լեցնում է նրա բաժակը):