(Նայում է գաղտուկ Ռուստամին, nր տեսնի ինչ տպավորություն գործեց նրա վրա. նորից թեթև լռություն):
ՌՈՒՍՏԱՄ. (Ցնցվում է): Դա նա է (Զսպում է իրան):
ՍԵՅՐԱՆ. (Ամենքին, որ միմյանց երեսին են նայում, բացի Ջավադից): Էլի չճանաչեցի՞ք։
ՋԱՎԱԴ. Ես ճանաչեցի (Ռուստամին նշաններով խնդրում է հուզվել):
ՋԱՀԱՆԳԻՐ. Հիմի եմ հասկանում, թե ինչու գավաթը փշրեցիր, բրուտի որդին միայն աման կոտրել կարող է սովորել։
ՍԵՅՐԱՆ. (Երկիմաստ): Ճշմարիտ ես ասում, ես աման կոտրող եմ։
ՄԱՐՏԻՐՈՍ. Թեև դու ինձ ծիպլի ծատուր անվանեցիր, բայց ես կասեմ, որ քո հայրը հեթանոսների մեջ լավ մարդ է։ Նա մի ժամանակ ուզում էր մեր սուրբ հավատն ընդունել և Հիսուս Քրիստոսի աշակերտ գրվել, ձեր հարևան դերձակ Բարխուդարը չթողեց։ Պետք է ասած, աղա Ռուստամ, որ աներդ աստծու գառներին թշնամի է։ Նա մեզ չի սիրում։ Թող տերը փրկե իրան գեհենի կրակից։ (Սեյրանին): Բայց դու չմոռանաս, որ ինձ ծիպլի ծատուր ասացիր։
ՋԱՎԱԴ. Տղերք, գիշերն անցնում է, ժամանակն է Ռուստամին հանգիստ թողնելու։ Գավաթներդ լեցրեք։ (Լեցնում են):
ՍԵՅՐԱՆ. (Լեցնում է յուր գավաթը ու իսկույն ևեթ դատարկում):
ՋԱՎԱԴ. (Սեյրանին): Լավ ես կոնծում, խոսք չունիմ։ Բայց, բարեկամ, մի քիչ սպասիր, բան ունիմ ասելու։ (Ոտքի է կանգնում): Տղերք, շնորհակալություն ասենք մեր դարդիմանդ ընկերոջն ու բարեկամին։
ԱՄԵՆՔԸ. (Բացի Սեյրանից): Շնորհակալություն, շնորհակալություն։
ՋԱՎԱԴ. Ռուստամ, աստված մի ուրախությունդ հազար անի, հազար հոգսերդ մի։
ԱՄԵՆՔԸ. (Բացի Սեյրանից): Ամեն, ամեն։
ՋԱՎԱԴ. Ռուստամ, սեղանդ միշտ բաց լինի սրտիդ պես, սիրտդ ուրախ լինի սեղանիդ պես։ Վատ օրդ այս լինի,