Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ օրիդ օր չհասնի։ Գործիդ հաջողություն, կյանքիդ երկարություն։


ԱՄԵՆՔԸ. (Բացի Սեյրանից): Ամեն, ամեն։

ՋԱՎԱԴ․ (Ոգևորվելով): Միշտ մե՛ր պարծանքը լինիս քո նամուսով, քո պատվով, քո մեծ ու պստիկ ճանաչելով։ Ռուստամ, դու Դաղստանում ազնիվ և քաջ մարդու անուն ես հանել, փառք ու պատիվ քեզ։ Մենք հպարտանում ենք, որ ունինք քեզ նման հայրենակից և բարեկամ։ Այսպես է, չէ՞ տղերք։

ԱՄԵՆՔԸ. (Բացի Սեյրանից): Այդպես է, այդպես է։

ՋԱՎԱԴ․ Մենք գիտենք, որ դու քո նամուսի համար առյուծ ես, բայց գիտենք, որ դու մեծերի մոտ մե՛ծ ես, պստիկների մոտ պստիկ, զորավորների դեմ զորավոր, անզորների համար պաշտպան, որ ոչ գայլերից ես վախենում, ոչ գառներին ես արհամարհում։ (Բարձր): Ապրի մեր Ռուստամը (Գավաթը դատարկում է):

ԱՄԵՆՔԸ․ (Բացի Սեյրանից): Ապրի, ապրի (Գավաթները զարկում են Ռուստամի գավաթին և խմում):

ՄԱՐՏԻՐՈՍ․ Թող Եհովայի օրհնությունը քեզ վրա լինի։ Ամեն։ (Նայելով Սեյրանին կատաղի հայացքով): Ծիպլի ծատուր։

ՋԱՎԱԴ․ Դեհ տղերք, մեկ էլ լցրեք բաժակներդ։

ԱՄԵՆՔԸ․ (Լցնում են գավաթները, թացի Սեյրանից):

ՋԱՎԱԴ․ Տղերք, ես այստեղ եկա ամենից առաջ։ Եկա ու Ռուստամին տեսա ուրախ, զվարթ։ Նա նոր յուր ընտանիքից նամակ էր ստացել։ Նա այնքան ուրախ էր, որ տեսնեիք չէիք ճանաչի։ Էհ, բարեկամներ, մենք պսակված չենք, հասկանալ չենք կարող ընտանիքի քաղցրությունը։ Բայց մեր ընկերը, գոհություն աստծո, այդ քաղցրությունը վայելում է։ Այսպես է, թե՞ չէ։

ԱՄԵՆՔԸ. (Բացի Սեյրանից): Այդպես է, այդպես է։

ՋԱՎԱԴ. Դեհ, խմենք, ուրեմն Ռուստամի ընտանիքի կենացը: Տա աստված, որ նա միշտ բախտավոր լինի, միշտ այնպես ուրախ, ինչպես ես տեսա նրան այսօր։

ԱՄԵՆՔԸ․ (Բացի Սեյրանից): Ռուստամ, ընտանիքիդ կենացը: (Գավաթները զարկում են Ռուստամի հետ և խմում):