Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՌՈՒՍՏԱՄ․ Լակոտ, սուտ ես ասում։ Իմ կինը քո հարսնացուն

չի եղել:

ՍԵՅՐԱՆ․ Ամբողջ մեր փողոցը գիտե։ Վկա են մեր բոլոր հարևանները։

ՌՈՒՍՏԱՄ․ Ես չեմ ուզում ճանաչել քո հարևաններին։ Սուտես խոսում, ասում եմ, սուտ է։

ՍԵՅՐԱՆ․ Քո աներոջ ավետարանի կողքին է գրված։

ՌՈՒՍՏԱՄ․ Գրված է և ջնջված։ Լակոտ, ես ուրիշի պատառը գողացողներից չեմ։ Դեհ, էլ մի՝ երկարացնիր, չոքիր իմ առաջ, չոքիր և ներողություն խնդրիր, եթե կյանքը թանկ է քեզ համար։

ՍԵՅՐԱՆ․ Եթե ես քեզ նման մարդուց վախենայի, այստեղ չէի գալ, աննամուս։

ՌՈՒՍՏԱՄ․ (Վազում է դեպի ձախ պատը, վերցնում է քաշ արած դաշույնը և հարձակվում է Սեյրանի վրա): Կտոր-կտոր պետք է անել շան շան ձագին։

ՋԱՎԱԴ․ (Բռնում է Ռուստամին): Ես չեմ թողնիլ, որ ձեռներդ կեղտոտես։

ՋԱՀԱՆԳԻՐ․ (Նույնպես անելով Ռուստամին): Թող գնա կորչի լիրբը:

ՄԱՐՏԻՐՈՍ․ (Ձեռներն իրար կցելով, աչքերն ուղղում է դեպի վեր): Հիսուս, Հիսուս, ազատիր մեզ արյունհեղությունից։

ՌՈՒՍՏԱՄ․ (Աշխատելով ազատվել Ջավադի և Ջահանգիրի ձեռներից): Թողեք ինձ, ես նրան չեմ սպանիլ։ Ոչ, ոչ, նրան ուրիշ կերպ պիտի պատժել։ Նա տղամարդ է, նա մեն-մենակ եկել է այստեղ վրեժ առնելու։ Դաղստանում այդպիսի թշնամու հետ կռվում են։ Փռեցեք հատակի վրա մի յափնջի։ Մենք կկռվենք դաշույններով։ Եվ ով մեզանից ոտը յափնջուց դուրս դրեց, նա՛ է վախկոտը։ Դե, շուտ փռեցեք յափնջին։

ՍԵՅՐԱՆ․ (Արագությամբ յուր յափնջին փռում է հատակի վրա, մերկացրած դաշույնը ձեռին): Համեցեք. ես պատրաստ եմ։ Կնիկը մի մարդ պիտի ունենա։ Թող մեկն ու մեկը մեզնից կորչի:

ՋԱՎԱԴ. (Մռնչալով): Կորիր, լիրբ, կորիր, ասում եմ: Վաղը ես քո հաշիվը կվերջացնեմ։ (Ռուստամին, հազիվ