ՋԱՎԱԴ. էյ, ղարիբ, դու հարբած չես, դու խելագար ես։
ԵԳՈՌ. (Կատաղի): Ինչո՞ւ փշրեցիր գավաթը։
ՍԵՅՐԱՆ. Փշրելով գավաթը, ես փշրում եմ այն մարդու նամուսը, որին այդքան պատիվ եք տալիս։
ՌՈՒՍՏԱՄ. Լակո՛տ։ (Կորցնելով ինքն իրան, ուզում է հարձակվել Սեյրանի վրա, բայց նույն վայրկյանին զսպում է իրան): Ոչ, ոչ, պետք է լսել մինչև վերջը։
ԵԳՈՌ. Շուն, շան որդի։ (Դաշույնը մերկացնելով, ուզում է զարկել):
ՋԱՎԱԴ. Գնա, կորիր այստեղից, լիրբ։
ՌՈՒՍՏԱՄ. Կացեք։ Ես չեմ թողնիլ այդ մարդու գլխի մի մազին անգամ դիպչել։ Նա իմ հյուրն է։ Մե-մենակ մարդու վրա հարձակվելը նամարդություն է։ (Միանգամայն զսպելով իրան, դառնում է Սեյրանին): Տղա, ես քեզ չեմ ճանաչում։ Անունդ լսել եմ, բայց քեզ առաջին անգամն եմ տեսնում։ Դու եկար, դուռս ծեծեցիր, ես բաց արի։ Ասացիր աստծու հյուրն եմ։ Ընդունեցի։ Ասա, ինչո՞ւ համար ես եկել։
ՍԵՅՐԱՆ. (Տանջանքով): Նամուսի համար եմ եկել, նամարդ, նամուսի համար։ Տանջանքն ու հուսահատությունն են ինձ բերել այստեղ։ Սարեր ու ձորեր եմ անցել, անքուն գիշերներ եմ անցկացրել, անհուն տառապանքներ եմ քաշել, որ գամ և վերջապես երեսիդ ասեմ այն, ինչ որ ասացի։ Չհասկացա՞ր, լավ, ավելի պարզ կխոսեմ։ Ես մի տղա էի, որին մայրերը մատով էին ցույց տալիս։ Ծնողներիս միակ զավակն էի։ Ես ունեի մի հարսնացու, որ գոհար էր գոհարների մեջ։ Նրա կյանքովն էի ապրում, նրա շնչով էի շնչում ես։ Դու նրան խլեցիր իմ ձեռքից։ Խլեցիր, օգտվելով նրա գազան հոր խստությունից և քո հարստությունից։ Դու ինձ անպատվեցիր, ստորացրիր։ Այսօր իմ ընկերների երեսին մտիկ անել չեմ կարող։ Նրանք ծաղրում են ինձ։ Նրանք ինձ անվանում են աննամուս։ Շատ եմ մտածել, շատ եմ տանջվել, հենց այսօր, հենց այս երեկո, մինչև որ վճռել եմ գալ այստեղ, գալ և այս ազիզ երեկո, հենց քո ընկերների առաջ, վրեժս առնել։ Դե, ես իմն արի, արա դու էլ, ինչ որ ուզում ես։