Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակառակը: Նա սիրում է միշտ սրան պարսավել, նրան զրպարտել: Երեկ, օրինակ, նա անբարոյական անվանեց իմ մոտ մի կնոջ, որին ես սիրում եմ և հարգում: Նա լրտեսում է ամենքին և ամենից ավելի ինձ: Եվ շարունակ իր մորը լարում է իմ դեմ: (Քայլում է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Բայց ամուսի՞նդ ինչ է ասում: Չէ՞ որ նա շատ էլ տգետ մարդ չէ: Ինչո՞ւ է թույլ տալիս իր մորն ու քրոջը քեզ վրա իրավունք բանացնելու:


ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ձեռքով մի տխուր շարժումն անելով): Ա՛հ, ամուսինս: Նա ժամանակ չունի ինձանով հետաքրքրվելու, նա զբաղված է իր գործերով: (Երեսը դարձնում է նորից իր այլայլմունքը թաքցնելու համար):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Զգացել է Արմենուհու այլայլվելը: Լռություն: Մոտենում է): Արմենուհի, ինչո՞ւ երեսդ դարձրիր ինձանից: Ի՞նչ ունիս, ասա, մի՛ քաշվիր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուղղելով իրան): Թողնե՛նք, հայրիկ, թողնենք: Այս բոլորը հետաքրքրական չէ քեզ համար:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես քո ձայնի մեջ զգացի ինչ-որ դառնություն: (Բռնում է Արմենուհու ձեռը): Աչքերիս նայիր...

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ձեռն ազատելով Կոստանդինի ձեռից): Ոչինչ, հայրիկ, իմ ամուսինս վատ մարդ չէ... ես գոհ եմ: Ահա գալիս են նրանք: Լռե՛նք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դու ինձ խաբել չես կարող, դու մի բան ունիս սրտումդ․․.

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՍՈՆ, ՀՄԱՅԱԿ, ՍՏԵՓԱՆ և ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ

ՍԱՄՍՈՆ. (Գալիս է պատշգամբից: Միջահասակ ամրակազմ մարդ է, տափակ ճակատով, թուխ դեմքով: Սև միրուքը խուզած է կարճ, բարակ ընչացքը հազիվ ծածկում է ամուր սեղմված բարակ շուրթը: Հոնքերը միշտ կնճռած են: Անտարբեր, եսամոլ, շահասեր մարդու տիպար: Սովորություն ունի մի ձեռը պահել պանթալոնի գրպանում, մյուսով խաղալ ժամացույցի շղթայի հետ):