Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գանգատվում էր իմ դեմ։ Անհնազանդ եմ, մեծերին չեմ հարգում, ամբողջ օրը կամ նվագում եմ ու կարդում, կամ զբոսնում, Օհ, միշտ միևնույն երգը անփոփոխ, ձանձրալի։ (Նստում է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չար է այդ կինը, Արմենուհի, չար է։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ոչ, հայրիկ, չար չէ, այլ բռնակալ: Նա կարծում է, որ, լինելով իմ ամուսնու մայրը, իմ գլխի տերն է. Նա մի տեսակ սուրբ պարտականություն է համարում ինձ կրթել։ Եվ ի՜նչպես։ Փափագում է, որ ես, առավոտը զարթնելով, ձեռներս կրծքիս դրած, սպասեմ նրա հրամաններին, ինչպես ինքն է արել մի ժամանակ իր սկեսրի առաջ։ Այս չէ միայն, նա խառնվում է իմ և Սամսոնի հարաբերությունների մեջ, ձգտում է իշխել իմ մտքի, զգացումների և ճաշակի վրա։ Ահա այս մեկն ես տանել չեմ կարողանում, և նա կատաղում է։ Հայրիկ, սկզբից ևեթ մենք իրար չենք սիրել։ (Վեր է կենում):
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պատճա՞ռը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Պատճառը պարզ է։ Այդ կինը վճռած է եղել իր որդուն ամուսնացնել մի ուրիշի հետ։ Ո՛վ է — հետաքրքրական չէ, բայց իր ճաշակի մեկն է։ Սամսոնը գերադասել է ինձ: Եվ ես այս տունն եմ մտել արդեն իմ դեմ ունենալով որոշ թշնամություն։ Ավելացրու և այն, որ Վիրգինեն, Սամսոնի քույրը, ինձ ատում է դեռ գիմնազիայից սկսած։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Նրա՞ն ինչ ես արել, որ ատում է։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ոչինչ, հայրի՛կ, հավատա։ Միայն հետը վարվել չեմ կարողանում։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պետք է կարողանաս վարվել մի կերպ, ինչ արած։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ախ, հայրի՛կ, հեշտ է այդ ասել, բայց ի՜նչպես: Դու գիտես, որ ես զզվում եմ բամբասանքից։ Իսկ Վիրգինեն միայն նրանով է շնչում ու ապրում։ Դեռ գիմնազիայում նա սիրում էր ամենքին չարախոսել, նույնիսկ մեր ընկերուհիների ծնողներին։ Ոչ, հայրիկ. ես չգիտեմ ինչպես նրա հետ ժամանակ անցկացնեմ, ինչի մասին խոսեմ։ Ինչ որ ինձ է զբաղեցնում, նրան ձանձրացնում է, և