Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարի ես եկել։ (Չարշովը վերցնում է և Ռուստամին մի քանի անգամ համբուրում)։ Կարոտած մայրդ բոյիդ մատաղ։ Աստված աղոթքներս լսեց։ Աղաչում էի նրան, որ ինձ շուտ արժանացնի տեսությանդ, արժանացրեց։ Թող մեկ էլ կարոտս առնեմ։ (Ուզում է կրկին համբուրել):

ՌՈՒՍՏԱՄ. (Սաստված, բայց ոչ կոպիտ, հրում է Սանամին ոտքի է կանգնում): Բավական է։
ՍԱՆԱՄ. (Հիասթափված): Չե՞ս թողնում, որ քեզ համբուրեմ, ամոթ քեզ։ (Տոնը փոխելով): Ախ, կուրանամ ես, խելքս աստված առել է։ Դու ցրտից ես գալիս։ Աղջի, Սուսան, ծառային հրամայիր սամովարը դնի, որ մարդդ տաք-տաք չայ խմի։
ՍՈՒՍԱՆ. (Ուզում է գնալ ձախ կողմի դռներով):
ՌՈԻՍՏԱՄ. Հարկավոր չէ։
ՍՈՒՍԱՆ. (Կանգ է առնում):
ՍԱՆԱՄ. Ի՞նչ է պատահել քեզ, որդի, ինչո՞ւ աչքունքդ թթված է։
ՌՈՒՍՏԱՄ. Հինգ օր, հինգ գիշեր եմ անցկացրել ձիու վրա։
ՍԱՆԱՄ. Հինգ օր ու հինգ գիշե՞ր, քար կտրվի մայրդ։ Նա տաք տնում նստի, դու Դաղստանի սարերը չափչփես ձյուն ու ձմեռ։ Հանգստացիր, որդի, հանգստացիր։ Աղջի
Սուսան, տեղեր պատրաստիր մարդուդ համար։ Կուզե՞ս։
ՌՈՒՍՏԱՄ. Թող պատրաստի (Ծխախոտ է ծխում, վեր է կենում ու սկսում ետ ու առաջ քայլել):
ՍՈՒՍԱՆ. (Մյուս սենյակից բերում է մի վերմակ, մի ներքնակ սկսում անկողին պատրաստել թախտի վրա: Հետո վառում է երկու մոմ սեղանի վրա):
ՍԱՆԱՄ. Բայց առաջ մի բան կեր, հետո կհանգստանաս։ Երևի քաղցած ես, լավ ճտեր ունիմ, փլավ պատրաստեմ։
ՌՈՒՍՏԱՄ. (Ներվային): Ես ոչինչ չեմ ուզում, ոչ ուտել, ոչ խմել, գլուխս մի ցավացնիր։
ՍԱՆԱՄ. (Վշտացած): Լավ, լավ, չեմ եփիլ, մի նեղանար, բայց գիտես...
ՌՈՒՍՏԱՄ. (Անհամբեր ընդհատելով): Գնա սենյակդ։
ՍԱՆԱՄ. Դու ինձ դո՞ւրս ես անում։ Լավ, լավ (Հանկարծ մի