այն օրից, երբ դու ոտք ես դրել իմ տունը։ Դե, մի երկարացնիր, ասա սիրե՞լ ես այդ լակոտին։
ՍՈՒՍԱՆ. (Քիչ տատանվելով, վճռական): Սիրել եմ։
ՌՈՒՍՏԱՄ. (Ցնցվելով): Աա՜, լավ, շարունակի՛ր։
ՍՈՒՍԱՆ. (Արիանալով): Ականջ դիր, Ռուստամ, ես ո՛չ մարդկանց զրպարտություններից եմ վախենում, ո՛չ քո դաշույնից, որի վրա այդպես սեղմել ես ձեռքդ։ Ես միայն մի երկյուղ ունիմ։ Դա աստծո ահեղ դատաստանն է։ Այն օրը, երբ դու և ես կկանգնենք այդ դատաստանի առաջ, դու կզղջաս քո ասածների համար։ Ես անմեղ եմ քո անկողնի մոտ։
ՌՈՒՍՏԱՄ. Սուտ ես ասում, լիրբ, սրանից հինգ օր առաջ քո սիրեկանը իմ խանութում, չորս ընկերներիս և ծառայիս առաջ, խոստովանեց, որ դու պատկանել ես նրան։
ՍՈՒՍԱՆ. (Անչափ զայրացած): Այդ անկարելի է, սուտ է։ Սեյրանը չէր կարող այդ ասել։
ՌՈՒՍՏԱՄ. (Ահեղագոչ): Կուրծքդ։
ՍՈՒՍԱՆ. Ես վախենում եմ քեզանից։ Դու կարող ես ինձ սպանել։
ՌՈՒՍՏԱՄ. (Ահեղագոչ): Կուրծքդ։
ՍՈՒՍԱՆ. Մի արա, մեղք եմ, մի արա։
ՌՈՒՍՏԱՄ. Կուրծքդ։ (Հարձակվում է Սուսանի վրա):
ՍՈՒՍԱՆ. (Փախչում է դեպի խորքի դուռը): Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, նա ուզում է ինձ մորթել։
ՌՈՒՍՏԱՄ. (Մոտենում է բռնում Սուսանին): Ձայնդ կտրիր, շան աղջիկ։
ՍՈՒՍԱՆ. (Չոքում է Ռուստամի առջև): Աղաչում եմ, մի՛ սպանիր, խեղճ եմ, խնայիր։
ՌՈՒՍՏԱՄ. (Զննում է Սուսանի կուրծքը): Ահա՛, ահա՛ նա, քո անմեղությունը։ Սև խալը, խալը։ Ես խանչալիս ծայրով դուրս կբերեմ և շներին կշպրտեմ։ Սատկիր, անառակ։ (Դաշույնը խրում է Սուսանի կուրծքը):
ՍՈՒՍԱՆ. (Ընկնելով հատակի վրա): Արգանդիս երեխան վկա, անմեղ եմ։