Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՎԱԾ

Սոնայի մանկությունը կամ առաջին հարված

Տեսարանը ներկայացնում է Ոսկանի տան գավիթը: Բեմի աջ կողմը փլատակներ, խորքում հողաթումբ: Ձախ կողմը բեմի՝ Ոսկանի տնակը մի դռնով և մի լուսամատով: Խորքում, բեմի ամբողջ լայնությամբ, փայտյա աններկ ցանկապատ. մեջտեղը մի խարխուլ դռնակ: Ցանկապատի հետևը փողոց աջ ու ձախ: Հեռու երևում են կանաչազարդ լեռներ:

Ձախ կողմում, տնակի առջև, մի լայն ու մեծ թախտ, վրեն հնամաջ կապերտ, մի մինդար և մի բարձ:

Բեմի վրա մի քանի մեծ քարեր, որոնք ծառայում են իբրև նստարաններ: Հողաթումբը լուսավորված է արեգակի լույսով: Մյուս մասերը բեմի ստվերի մեջ են:

ՏԵՍԻԼ 1

ՇՈՒՇԱՆ և ՍՈՆԱ

ՇՈՒՇԱՆ (Գալիս է ձախ կողմի դռնով, շալը գլխին գցելով: Ժամանակից առաջ թառամած կին է, կոշտ ձեռներով, թոնիրների կրակից կիգված երեսով: Հագած է հնամաջ արխալուղ, լայն ոտաշոր և չուստեր): Ես գնում եմ Մեջլումենց հացը թոնրից հանելու։ Հիմա թխված պիտի լինի։ Տես, Սոնա, հեռու տեղ չգնաս, մեր բակում խաղ արա։