ՍՈՆԱ. (Ինը տարեկան հասակումն է: Գեղեցկադեմ, խոշոր, կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով աղջիկ է: Հագած է կարճ արխալուղ հասարակ չթից, լայն ոտաշոր և չուստեր): Մենակ ի՞նչպես խաղամ։
ՇՈՒՇԱՆ. Կանչիր ընկերներիդ այստեղ։ Ես էլ դրսում ում տեսնեմ, կուղարկեմ։
ՍՈՆԱ. (Աշխույժ): Փողոց վազել կարո՞ղ եմ։
ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Չէ որդի, փողոց դուրս գդալ չի կարելի։ Մեր բակում խաղ արա։
ՍՈՆԱ. Ինչո՞ւ, մամա։
ՇՈՒՇԱՆ. Նրա համար, որ դու այժմ մեծ աղջիկ ես։
ՍՈՆԱ. (Աջ ձեռով թեթևակի զարկում է իր թշին): Վա՛յ, մեծ աղջիկ։ Ինը տարեկանը մե՞ծ է։ Տես, մամա, աչքերիցդ երևաց, որ սուտ ասացիր։
ՇՈՒՇԱՆ. (Սաստելով): Սո՛ւս, աղջիկը մորն այդպիսի բաներ չի ասիլ։
ՍՈՆԱ. (Զղջալով): Մեղղա աստծու։ Բայց ինչո՞ւ Զառիկն ու Մանանը գնում են ամեն տեղ, ուր որ ուզում են։
ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Է՜հ, որդի, նրանց բանն ուրիշ է։ Դե, ես գնացի, զգույշ խաղ արա։ (Համբուրում է Սոնային և գնում է ցանկապատի դռնակով դեպի աջ, գլուխը տխուր շարժելով):
ՏԵՍԻԼ 2
ՍՈՆԱ, ԶԱՌԻԿ, ՄԱՆԱՆ և ԽԱՉԻԿ
ՍՈՆԱ. (Շուշանի գնալուց հետո, մի քանի վայրկյան մտածում է՝ աջ ձեռով ծնոտը բռնած: Հետո վազում է դեպի աջ, բարձրանում է հողաթմբի վրա և բարձր ձայնով կանչում է): Զառիկ, Մանան, եկեք այստեղ, եկեք այստեղ։ (Վերադառնում է բեմի կենտրոնը):
ՄԱՆԱՆ. (Բեմի հետևից): Եկանք, եկանք։ (Վազում են բեմի աջ կողմից: Սոնայի հասակակից և նրա նման հագնված աղջիկ է՝ գլուխը բաց: Գեր է, շատ թուխ երեսով, կարմիր թշերով)։
ԶԱՌԻԿ․ (Բեմի հետևից): Եկանք, եկանք։ (Վազում է բեմ՝