Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՄԱՅԱԿ. (Որ առանձին խոսում էր Արմենուհու հետ, հեռվից գլուխ տալով Եղիսաբեթին ու Վիրգինեին, մոտենում է և ձեռ է տալիս):


ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է թե չէ, աչքերով փնտրում է Արմենուհուն և տեսնելով նրան Հմայակի հետ խոսելիս, դժկամության շարժումն է անում: Բարևում է Հմայակին սառը):

ԵՂԻՍԱԲԵԹ. Կարող եք ճաշի նստել: (Նստում է սեղանի մի ծայրում):

ԱՄԵՆՔԸ. (Նստում են):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նստում է սեղանի հակառակ ծայրում, հրավիրելով Հմայակին իր մոտ նստել):

ՎԻՐԳԻՆԵ. (Այնպես է նստում, որ կարողանա դիտել Արմենուհուն և Հմայակին):

ԳԱՐԵԳԻՆ. (Կերակուր է բաժանում):

ՄԵԼԱՆԻԱ. (Օգնում է Գարեգինին):

ՍԱՄՍՈՆ. (Անձեռոցիկը կրծքին կապելով): Այդ ի՞նչ փունջ է:

ԿՈՏԱՆԴԻՆ. Արմենուհին է կազմել։ (Սկսում է ուտել):

ՍԱՄՍՈՆ. (Արմենուհուն): Ասա, դու էլի անտառո՞ւմն ես եղել. (Սկսում է ուտել):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կերակուր առաջարկելով Հմայակին): Ո՛չ, լեռն էի բարձրացել:

ՍԱՄՍՈՆ. Երեխայությո՛ւն: Չե՞ս մտածում, որ կարող է փորձանք պատահել:

ԵՂԻՍԱԲԵԹ. Կարծես մեր պարտեզում ծաղիկներ չկան, որ լեռներն է վազում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես գերադասում եմ վայրի ծաղիկները:

ՎԻՐԳԻՆԵ. Որոնք բոլորովին հոտ չունին:

ՀՄԱՅԱԿ. Տիկին, մի՞թե չեք զգում նրանց բուրմունքը: (ՈՒտում է քիչ դանդաղ):

ՎԻՐԳԻՆԵ. (Կոշտ): Իհարկե, չեմ զգում:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Ծաղկի հոտը կարելի է զգալ և չզգալ, կախված է տրամադրությունից: (Ուտում է ախորժակով): Թեև տրամադրություն ասված բանն էլ վիճելի է:

ՍՏԵՓԱՆ. Երևելի՛ փիլիսոփայություն: