ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Պարոննե՛ր, այսօր եղանակը բացառապես գեղեցիկ է, չէի՞ք կամենալ արդյոք ճաշից հետո խմբովին մի թեթև զբոսանք կատարել։
ԵՂԻՍԱԲԵԹ․ Էլի՞ զբոսանք։
ՎԻՐԳԻՆԵ․ (Մեկուսի)։ Ցնդվել։
ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Ոչ հեռու, մերձակա դաշտը։ Ես ձայներ եմ ժողովում։ Ո՞վ է ցանկանում։
ՀՄԱՅԱԿ․ Ես մեծ ուրախությամբ։
ԵՂԻՍԱԲԵԹ․ Ինձ միջից դուրս բերեք, պառավ կին եմ։
ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Վիրգինե, դո՞ւ։
ՎԻՐԳԻՆԵ․ (Կոշտ)։ Չեմ ուզում։
ՍԱՄՍՈՆ․ Իսկ ես չեմ կարող։
ՍՏԵՓԱՆ․ Ես կարող եմ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ․ Ես էլ։
ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Երեք ձայն երեքի դեմ։
ՍՏԵՓԱՆ․ Հարցը վճռում է քեռին։
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ․ (Նեղ ըկած)։ Ճաշից հետո զբոսանքը շատ լավ բան է, բայց հանգստանալն էլ լավ բան է, թեև կարելի է չհանգստանալ։
ԱՐՄԵՆՈՒՀԻ․ ՈՒրեմն չե՞ք կամենում։
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ․ Ես ինչպե՛ս կարող եմ ձեր առաջարկությունը չընդունել, բայց մյուս կողմից․․․ պետք է ասած, որ․․․
ՍՏԵՓԱՆ․ Այո՞, վերջապես, թե՞ ոչ։
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ․ Նայելով հանգամանքներին․․․
ՍՏԵՓԱՆ․ ՈՒրեմն, թե՛ այո է, թե ո՛չ։ Մի խոսքով կատարելապես Սողոմ քեռի։
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ․ Բժի՛շկ, եթե կամենամ, այդ խոսքերից կարող եմ վիրավորվել, թեև վիրավորական բան չկա։
ԱՐՄԵՆՈՒՀԻ․ (Նկատել է երկու թափառական երաժիշտներ, որոնք անցնում են հեռու փողոցով)։ Օօ՜, թափառական երաժիշտներ։ Գարեգին, կանչեցե՛ք նրանց։
ԳԱՐԵԳԻՆ․ (Շտապով մոտենում է խորքի ցանկապատին և նշան է անում երաժիշտներին մոտենալու)։