Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարում, կանգնում է ավերակների վրա ու երգում, երգում անվերջ։

ՍՈՆԱ. (Մեղմիկ լալիս է):
ՇՈՒՇԱՆ. (Շոյելով Սոնայի գլուխը): Լաց մի լինիր, որդի, մի կտրատիր մորդ սիրտը, ես նրանից բախտավոր չեմ։
ՍՈՆԱ. (Աչքերը սրբելով): Մամա, ճշմարի՞տ ես ասում, որ ես նման եմ նրա աղջկան։
ՇՈՒՇԱՆ. Նման ես, որդի, շատ ես նման. որքան նրան լավ եմ հիշում, այնքան ավելի ես նմանվում։
ՍՈՆԱ. Ասում ես Մանիշա՞կ էր նրա անունը։
ՇՈՒՇԱՆ. Մանիշակ։
ՍՈՆԱ. Մանիշակ, Մանիշակ, ի՜նչ սիրուն անուն է։
ՇՈՒՇԱՆ. Լավ, հանգստացիր, որդի։ (Վերցնում է հացերն ու գնում ձախ կողմի դռներով):


ՏԵՍԻԼ 6

ՍՈՆԱ և ՈՍԿԱՆ


ՍՈՆԱ. (Մնալով մենակ, անշարժ հայացքը հառում է մի կետի վրա, հետո ճակատը տրորում է):
ՈՍԿԱՆ. (Գալիս է ցանկապատի դռնակով, աջ կողմից: Միջահասակ մարդ է, շատ տգեղ: Ձեռները, երեսը և պարանոցը սևացած են ածխի մուրով: Մեծ քիթը ծածկված է արյունագույն բշտիկներով: Ականջների ու աչքերի տակ կապույտ գծեր, միրուքն ու գլխի մազերը գզգզված են: Հագած է երկայն արխալուղ շատ մեծ գրպաններով, չուխա: Գլխին սև մորթե փափախ, ոտներին չմուշկներ: Արխալուղի վրեն, մեջքին կապած է հասարակ կաշվե գոտի: Մոտենում է և չուխայի տակից թախտի վրա գցում մի կտոր միս գույնգգույն թաշկինակի մեշ: Ուրախ է, ցածր ձայնով երգում է):
ՍՈՆԱ. (Հորը տեսնելով, թախտից իջնում է):
Լռություն:
ՈՍԿԱՆ. Մայրդ տա՞նն է։
ՍՈՆԱ․ Տանն է։ (Մեկուսի ուրախ): Խմած չէ։