ՈՍԿԱՆ. Այդ միսը տար տուր նրան, թող խորովի։ (Դուրս է բերում արխալուղի գրպանից մի բավական մեծ շիշ օղի):
ՍՈՆԱ. Աչքիս վրա։ (Թաշկինակը վերցնում է և քայլերն ուղղում դեպի տնակի դռները):
ՈՍԿԱՆ. Մի բաժակ բեր։ (Երգում է ցածր): Էյ բայ, բաբա՜յ, դայ, դադայ...
ՍՈՆԱ. (Տեսել է օղու շիշը): Վա՜յ, օղին հետն է բերել։ (Գնում է տնակի դռներով):
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ՇՈՒՇԱՆ
ՈՍԿԱՆ. (Մնալով մի քանի վայրկյան մենակ, շիշը բարձրացնում է օդի մեջ, նայում է հրճվանքով: Բաց է անում ու մի կում խմում): Առանց բաժակի համ չունի։ (Նստում է թախտի վրա, փափախը վերցնում, մի կողմ է դնում: Սպասում է բաժակի, քթի տակ երգելով): Էյ, բաբա՜յ, բայ, դադա՜յ, դայ։
ՇՈՒՇԱՆ. (Գալիս է տնակի դռնակով: Նայում է Ոսկանին կշտամբանքով): Մեռել չկար, հա՞ա, որ գերեզմանատուն գնայիր, քելեխ ուտելու ու հարբելո՞ւ։
ՈՍԿԱՆ. (Շիշը ցույց տալով): Շուշան ջան, այսօր մեռելն էլ այստեղ է, կենդանին էլ։
ՍՈՆԱ. (Գալիս է տնակի դռներով, բերելով մի դատարկ բաժակ ու դնում է հոր առջև):
ՈՍԿԱՆ. Մի հատ թթու դրած վարունգ բեր։ (Բաժակը լցնում է):
ՇՈՒՇԱՆ. Վարունգ չունինք։
ՈՍԿԱՆ. Դե, մի կտոր պանիր բեր։
ՇՈՒՇԱՆ. Պանիր չունինք։
ՈՍԿԱՆ. Կնիկ, էլի սկսեցի՞ր չունինք-մունի՞նքդ։ Բե՛ր, ասում եմ։
ՇՈՒՇԱՆ. (Սոնային): Աղջի, գնա մի քիչ կանաչ սոխ բեր։
ՍՈՆԱ. (Գնում է տնակի դռներով, քիչ անցած հետ է գալիս,