Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեմքն ավելի գունատ է, նայվածքը սառը, անշարժ: Հագած է հնամաշ արխալուղ, լայն ոտաշոր, ճութխի աոանց ոսկիների: Ոտներին չուստեր): Տասնևյոթ տարի։

ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Եթե աստված մեզանից երես չի դարձրել, բախտդ կբացվի։
ՍՈՆԱ. (Աչքերը դեպի վեր բարձրացնելով): Փառք նրա զորությանը։
ՇՈՒՇԱՆ. (Դառնությամբ): Փառք, փառք, բայց նա շատ էլ ողորմած չէ մեզ համար։
ՍՈՆԱ. Նա ամենքի համար ողորմած է։ Մայր, այս գիշեր աղոթք անելիս էլի տեսա Հիսուս քրիստոսի կերպարանքը։
ՇՈՒՇԱՆ. Դու ամեն գիշեր տեսնում ես նրան։
ՍՈՆԱ. (էքստազով): Ամեն գիշեր, ամեն գիշեր։ Մեռնեմ նրա սուրբ զորությանը։ Նա ասում էր. «Մեղավորներ եք, մեղավորներ, աղոթք արեք, աղոթք արեք, գիշեր-ցերեկ, անդադար»։ (Մի կողմ դնելով գուլպան, չոքում է ու վեր բարձրացնում): Պատմիր ինձ, տեր, պատմիր, եթե ես մեղք եմ գործել։ (Երեսին խաչակնքում է):
ՇՈՒՇԱՆ. (Մեկուսի): Քի՞չ ես պատժված, անբախտ երեխա։ (Բարձր): Վեր կաց, զավակս, վեր կաց, հերիք է ինչքան բռնեցիր աստծու փեշերը։
ՍՈՆԱ. (Վեր կենալով): Միշտ պետք է համբուրել արդարադատ աստծո փեշերը։
ՇՈՒՇԱՆ. (Դառնությամբ): Օ՜օ, եթե նա արդարադատ լիներ, մեզ այս օրին չէր հասցնիլ։
ՍՈՆԱ. Մայր, մեղք մի՛ գործիր... (Նստում է անգործ: Լռություն):
ՇՈՒՇԱՆ. Այս վերջին կոճակն էլ կարեմ, վերջացավ։ Այսօր ևեթ կհագնես։
ՍՈՆԱ. (Մտազբաղ): Մամա։
ՇՈՒՇԱՆ. Ի՞նչ կա, որդի, ասա։
ՍՈՆԱ. Քանի՞ տարեկան էի, երբ աոաջին անգամ ուշքս գնաց։
ՇՈՒՇԱՆ. Թողնենք, աղջիկս, այդ ի՞նչ խոսելու բան է: