Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ. Իհարկե, հենց այդ է պատճառը, որ ուզում եմ շուտով քեզ մարդու տալ։

ՍՈՆԱ. Դու ասում ես, պսակվելուցս հետո չե՞մ ուշաթափվիլ։
ՇՈՒՇԱՆ. Հա, ասում եմ։
ՍՈՆԱ. Մամա պարզ խոսիր, ես ոչինչ չեմ հասկանում։
ՇՈՒՇԱՆ. Որդի, բաներ կան, որոնց մասին չի կարելի խոսել։ (Մոտենում է պատի խորշին և սկսում է ինչ-որ փնտրել):
ՍՈՆԱ. (Անհամբեր): Բայց ես ուզում եմ իմանալ, մամա, ամեն բան ուզում եմ իմանալ։
ՇՈՒՇԱՆ. Օհ, հոգիս բերանս բերեցիր։ (Խորհրդավոր, ձայնը ցածացնելով): Դե, լսիր, քո ցավն այնպիսի ցավ է, որ միայն մարդու գնալով կարող ես նրանից ազատվել։ Հիմա իմացա՞ր։ (Նորից փնտրում է խորշի մեջ)։ Ո՞րտեղ եմ դրել իմ հոգեպահուստը։ Ահա գտա։ (Վերցնում է խորշից մի փոքրիկ կարմիր կապոց, բաց է անում, մի քանի դրամներ վերցնում ու նորից կապոցն իր տեղն է դնում):
ՍՈՆԱ. (Որ մտածել է): Մամա, ճշմարի՞տ ես ասում, թե՞ ինձ խաբում ես։
ՇՈՒՇԱՆ. Երդվում եմ արևովդ, որ սուտ չեմ ասում։ Փորձառու պառավներն են հավատացնում։ Այ, չոլախ Անթառամի աղջիկը քեզ պես չէ՞ր իր ծնողների տանը։ Հենց որ պսակվեց, ցավը կտրվեց։ Կառողջանաս, որդի, կառողջանաս։
ՍՈՆԱ․ (Աչքերը դեպի վեր բարձրացնելով): Տեր, մեծ է քո զորությունը։ Դու ամեն բան կարող ես անել։ Լավ, մամա, լավ։ (Ուրախ-ուրախ վերցնում է արխալուղը և գնում ձախ կողմի դռներով):


ՏԵՍԻԼ 5
ՇՈՒՇԱՆ և ՈՍԿԱՆ


ՇՈՒՇԱՆ. (Քայլերն ուղղում է դեպի խորքի դռները: Այնտեղ հանդիպում է Ոսկանին): Եկ, ա մարդ, եկ։ Լավ է որ հարբած չես։