կամ ծախեմ։ (Խեղճանում է, ոտքի ելնելով մոտենում է Սոնային): Սոնա, Սոնա, խղճա հորդ, խղճա: Այս վերջին անգամն է, հավատա, վերջին անգամը։
ՍՈՆԱ. (Խորին տանջանքով): Հայր, հայր։
ՈՍԿԱՆ. Չէ, մի՛ ասա, դու ինձ չես խնայում։ Էհ, ինչ արած, ուրիշ ճար չունեմ։ (Բարձրանում է սնդուկի վրա, ձեռով շարժում է պատին խփած բևեռը): Մնում է այս։ Պինդ է, կպահի ինձ։ (Դուրս է բերում իր գրպանից մի մեծ գույնզգույն թաշկինակ)։ Այս էլ պինդ է (Ուզում է թաշկինակը կապել բևեռին իբրև կախվելու համար):
ՍՈՆԱ. Հայրիկ, այդ ի՞նչ ես անում։
ՈՍԿԱՆ. Ոչինչ, որդի ոչինչ, կտեսնես։
ՍՈՆԱ. (Սարսափելով): Հայրիկ, թո՛ղ, թո՛ղ այդ։
ՈՍԿԱՆ. (Շարունակելով իր գործը): Թո՛ղ, թո՛ղ, էլ թողնելու բան մնա՞ց։ Հերիք է ինչքան ապրեցի ու տանջվեցի։
ՍՈՆԱ. (Մոտենում է ու քաշում Ոսկանի չուխայի փեշերից): Թող, ասում եմ, ցած եկ։
ՈՍԿԱՆ. Չեմ ուզում ապրել, չեմ ուզում։
ՍՈՆԱ. Լավ, հայրիկ կասեմ փողերի տեղը, կասեմ։
ՈՍԿԱՆ. (Կեղծ համառելով): Որ քաշովդ մին ոսկի տաս, էլի չեմ ուզիլ, բավական է, ինչքան տանջեցիր։ (Թույլ ընդդիմադրություն է ցույց տալիս):
ՍՈՆԱ. Որ այդպես է, ավելի լավ է ես կկախվեմ։ (Հրում է Ոսկանին ցած և ինքն է բարձրանում սնդուկի վրա):
ՈՍԿԱՆ. Դե լավ, լավ, չեմ կախվիլ։ Ցած եկ։ (Գոռում է): Ցած եկ։ (Իջեցնում է Սոնային): Դե, ցույց տուր փողերի տեղը։
ՍՈՆԱ. (Լուռ իջնում է ցած սնդուկից, թաշկինակը մի կողմ շպրտելով, հեռանում է և հայացքը ձգում խորշի վրա): Դադար:
ՈՍԿԱՆ. (Հետևելով Սոնայի հայացքին): Հաա՞, այնտեղ է։ Ես գիտեի, որ այնտեղ պիտի լինի։ (Մոտենում է խորշին և փնտրում): Բայց ո՞ւր է, չեմ տեսնում։
ՍՈՆԱ. (Հուզված, շփոթված, հազիվ արտասանելով բառերը): Այնտեղ է, կարմիր կապոցիս...
ՈՍԿԱՆ. Կարմիր կապոցի մեջ. հասկացա։ Ահա. (Գտնում