ՎԻՐԳԻՆԵ. Ես ոչինչ չեմ զգում:
ՍԱՄՍՈՆ. Մուրճի հարվածներ են տալիս մարդու ներվերին:
ՀՄԱՅԱԿ. Դժվարանում եմ հավատալ, որ այդպես լինի: Չէ՞ որ մանկությունից այդ հնչյուններով է կրթվել ձեր լսելիքը:
ՍՏԵՓԱՆ. Իհարկե. բայց սովորություն է դարձել մեզանում պատրաստվել բոլորը, ինչ որ մայրենի է: Դա համարվում է եվրոպականությունը: Սնոբի՜զմ...
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Երաժշտությունն այնպիսի բան է, որ կարելի է զգալ և չզգալ, նայելով տրամադրությանը:
ՍՏԵՓԱՆ. Կեցցե՜ք քեռի, դարձյալ մի խոր փիլիսոփայական գաղափար արտահայտեցիք: ձեր կենացը... (Բաժակը զարկում է Սողոմ Սողոմյանի բաժակին և խմում է):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Մելանիա՛, վերցրեք պարոնից երեք ռուբլի և տվեք երաժիշտներին:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Զայրանալով): Երեք ռուբլի՜: Գժվե՞լ ես, Ի՞նչ է: Դա էլ թատրոն չէ, որ ամեն ութ ռուբլի ծախսեք: (Սամսոնին): Տասը կոպեկն էլ շատ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻՆ. (Վշտացած): Հայրի՛կ, տուր նրանց երեք ռուբլի:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Աչքիս վրա: (Ձեռքը տանելով գրպանը): Մեծ բան չէ:
ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Շատ ես մեծ-մեծ կոտրատում, տեսնենք վերջդ ի՛նչ պիտի լինի:
ՍԱՄՍՈՆ. (Կոստանդինին): Ներեցե՛ք, ի հյուրերն իմ տանն իրավունք չունին փող
ծախսելու: (Տալով Մելանիային մի ռուբլի): Տուր այս մի ռուբլին նրանց, թող
կորչեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻՆ. Մելանիա, շնորհակալություն հայտնեցեք նրանց: Այդ ցնցոտիների տակ մարդկային սիրտ է բաբախում:
ՄԵԼԱՆԻԱ. (Դրամը տալիս է երաժիշտներին):
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Դադարոմ են նվագել, գլուխ են տալիս խոնարհ և հեռանում են):
ՍՏԵՓԱՆ. Մայրիկ, կարելի՞ է վեր կենալ: (Արմենուհուն): Տիկի՞ն:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ճաշը վերջացել է: (Վեր է կենում):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գլխով համաձայնության նշան է անում Ստեփանին և վեր կենում):