ՈՍԿԱՆ. (Աշխատելով ազատվել Գիժ-Դանիելի ձեռքից): Կորիր, գիժ։
ԳԻԺ֊ԴԱՆիԵԼ. Տուր, ասում եմ, թե չէ՝ վզիդ օձեր կփաթաթեմ: (ՈՒզում է խեղդել):
ՈՍԿԱՆ. (Փողերը գրպանից դուրս է բերում ու տալիս է Գիժ Դանիելին) Դե լավ, առ: Դուք աստված չունիք։
ՇՈՒՇԱՆ. Տեսնեմ բոլո՞րն է։ (Փողերն արագ համրում է, մի մասը տալիս է Գիժ Դանիելին): Դրուստ է։ Տար, Դանիել ախպեր, սրանով մի չարեք օղի գնիր հյուրերի համար, Շո՜ւտ։ Սպասիր, շիշ տամ։ (Վերցնում է պատի խորշից մի դատարկ գրաֆին և տալիս է Գիժ-Դանիելին): Ահա։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Փողերն ու գրաֆինը վերցնելով): Աչքիս վրա։ (Ոսկանին): Էյ, ուստա Ոսկան, խելոք նստիր։ Մարդ է գալու, Մանիշակիս չլացացնես, պատառ֊պատառ կանեմ, հում֊հում կուտեմ։ Ֆահրադ, քեզ եմ խնդրում, քեզ աղաչում, դու ինձ սևերես չթողնես։ (Գնում է շտապ խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ առանց ԳԻԺ-ԴԱՆԻԵԼԻ
ՈՍԿԱՆ. Օղի՞ ասացիր։ Հեր օրհնած, ես հո քացախ չէի առնելու։ (Վազելով դեպի խորքի դռները): Էյ, Դանիել ախպեր, շատ բեր։ (Ետ է գալիս):
ՇՈՒՇԱՆ. (Վերցրել է հատակից թեյի կապոցը, մոտենում է Սոնային): Ինչո՞ւ ես տեղն ու տեղդ քարացել։ Անասունը վախեցրե՞լ է քեզ։ Լավ, ուշքի եկ։
ՍՈՆԱ. (Նախընթաց տեսարանի սկզբում, ձեռները վեր բարձրացրած, լուռ աղոթել է: Ապա ձեռները դրել է կրծքին ու աչքերը հառել անորոշ տարածության մեջ այնպես, որ կարծես ոչինչ չի զգում ու տեսնում: Քիչ սթափվելով): Աա՞...
ՇՈՒՇԱՆ. Ուշքի եկ։ Սամովարը դրե՞լ ես։
ՍՈՆԱ. Սամովա՞ր, աա՞, ի՞նչ։