Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԱՊԵՏ. (Զառնիշանին): Ա մեր, դե ինչ հարկավոր է երկարացնել, ասա, ինչու համար ենք եկել։


ԶԱՌՆԻՇԱՆ. (Ոսկանին): Աղջիկդ տա՞նն է։

ՈՍԿԱՆ. Տանն է խնամի։

ՋԱՀԱՎԻՐ. Դեռ խնամիներ չենք։

ՈՍԿԱՆ. Միևնույնն է։

ԿԱՐԱՊԵՏ. Դե, ցույց տվեք տեսնենք. Մուրադն ամբողջ քաղաքին է հայտնի։ Մեզ էլ հո ով չի ճանաչում։ Տեսնենք ձեր ապրանքն ինչ է։

ՈՍԿԱՆ. (Ոգևորվելով): Մեր ապրանքը իստակ ոսկի է։ Դե ինձ է ճանաչում եք։ Ո՜վ չի ճանաչում Պլուզանց Ոսկանին։ Մեր քաղաքում եթե հինգ մարդ կա, մեկն էլ ես եմ։ Մադրասեցի տեր֊Սարգսին հարցրեք, նա կասե, թե ես ինչ մարդ եմ։

ՇՈՒՇԱՆ. (Մոտենալով ձախ կողմի դռներին): Աղջի Սոնա. թեյ բեր հյուրերի համար։

ԿԱՐԱՊԵՏ. Պլուզանց Ոսկանին, իհարկե ճանաչում ենք, բայց մեզ նրա աղջիկն է հարկավոր։

ՈՍԿԱՆ. Այ հիմա կտեսնես։ (Նայում է խորքի դռներին): Ինչ տեղ մնաց այդ անիծված Դանիելը։ (Վեր է կենում, խորքի դռներով նայում է դուրս և ետ է գալիս ու նստում):

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ և ՍՈՆԱ

ՍՈՆԱ. (Գալիս է ձախ կողմի դռներով ձեռքին մատուցարան, վրեն հինգ բաժակ թեյ, մի կապտագույն ապակյա շաքարաման: Սկսում է թեյ բաժանել, նախ հյուրերին, ապա տնեցիներին):


ՀՅՈՒՐԵՐ. (Երեքն էլ խորին ուշադրությամբ դիտում են Սոնային նրա երևալու վայրկյանից):

ՋԱՎԱՀԻՐ. (Սոնային փորձելու համար): Դու էլ նստիր, մեզ հետ թեյ խմիր։

ՍՈՆԱ. (Գլուխ է տալիս ձեռները կրծքին դնելով, հեռանում է ու մի կողմ կանգնում):