Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ. Պստիկը մեծերի մոտ չի նստիլ:


ՋԱՎԱՀԻՐ. Աղջի, մայրդ լավ ասա՞ց։ (Թեյ է խմում մի կում):

ՍՈՆԱ. Մեծերի ոտը մեր գլուխն է։

ԿԱՐԱՊԵՏ. Աֆարիմ աղջիկ։ (Թեյ է խմում):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Ջավահիրին): Խոսել գիտե։ (Թեյ է խմում):

ՋԱՎԱՀԻՐ. Չէ, համր չէ։

ՈՍԿԱՆ. (Կարապետին): Հըը, տեսա՞ր։ (Դեպի խորքի դռները նայելով, անհամբերության նշան է անում):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Սոնային): Աղջի, մի տես էլի անձրև գալի՞ս է:

ՍՈՆԱ. (Աշխույժ քայլերով գնում է դեպի խորքի դռները և նայելով դեպի դուրս, ետ է գալիս): Անձրևը կտրվել է։

ՀՅՈՒՐԵՐ. (Դիտել են Սոնայի քայլվածքը):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Մեկուսի Ջավահիրին): Ման գալը լավ է։

ՋԱՎԱՀԻՐ. Չոլախ չէ։ (Մի սուր հայացք է ձգում Սոնայի վրա):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Սոնային): Մոտեցիր ինձ, աղջի։ Էլի մոտ, էլի, այ, այսպես։ Կռացիր։ (Նայում է Սոնայի մազերին ու շոշափում): Այդ ի՞նչ սիրուն ճութղի ունիս։

ՈՍԿԱՆ. Ինքն է կարել:

ԶԱՌՆԻՇԱՆ. Գնա, որդի, գնա գործիդ։ (Ջավահիրին): Մազերն էլ լավ են։

ՋԱՎԱՀԻՐ. Մատուշկի մազեր են։ (Նայում է Սոնայի երեսին սար հայացքով):

ՍՈՆԱ. (Հանդիպելով Ջավահիրի հայացքին, ցնցվում է ու ետ քաշվում):

ՈՍԿԱՆ. (Բոլորովին ձանձրացել է): Ի՞նչ եք այդքան տնտղում։ Տեսաք, որ ոչ համր է, ոչ չոլախ, ոչ քաչալ։ Ես ձեզ աղջիկ եմ տվել, որ․․․

ՇՈՒՇԱՆ. (Ոսկանի թևը քաշելով): Դեռ չենք տվել։

ՈՍԿԱՆ. (Ուշադրություն չդարձնելով Շուշանի վրա): Աղջիկ, որի նմանը չկա մեր քաղաքում։ Խելք ասես — ծով, շնորհք ասես — է՛լ ավելի։ Այս ահագին տունը նրա վզին է, դոլմա ու փլավ է եփում, որ ուտելիս մատներդ հետն ես ուտում։

ՇՈՒՇԱՆ. Կարճ կապիր, մարդ։