Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 13

ՆՈԻՅՆՔ, ՍՈՆԱ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ

ՍՈՆԱ. (Բերում է մատուցարանի վրա հինգ բաժակ փունջ, մուրաբաներ և բաժանում):


ՈՍԿԱՆ. (Սոնային): Արաղը բեր այստեղ, շիշը, շիշը։

ՍՈՆԱ. (Գնում է ձախ կողմի դռներով և իսկույն ետ է գալիս օղու շիշը ձեռքին, որ դնում է մեջտեղ):

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Երևում է լուսամուտի առջև: Շշնջյունով): Շուշան բաջի։

ՇՈՒՇԱՆ. (Շտապով մոտենում է լուսամուտին): Ներս եկ, Դանիել ախպեր։

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Չէ, այստեղից։ Աչքդ լույս։ (Մի մեծ նուռ է տալիս Շուշանին):

ԿԱՐԱՊԵՏ. (Տեսնելով Դանիելին, բարկացել է): Նա՞ այստեղ ինչ է անում։

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Գնում եմ, գնում եմ։ (Հեռանում է լուսամուտից և բեմի հետևից նվագում է շվի):

ՇՈՒՇԱՆ. Նա Սոնային շատ է սիրում, ամեն օր գալիս է մեր տուն։

ԿԱՐԱՊԵՏ. Շատ էլ երես մի տվեք։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Գրպանից դուրս է բերում մի մատանի): Մոտ եկ, աղջի։

ՍՈՆԱ. (Մոտենում է Զառնիշանին):

ԶԱՌՆԻՇԱՆ. Ձեռքդ ցույց տուր։ (Մատանին դնում է Սոնայի մատին): Այս էլ քո նշանը։ Դե, հիմա աստված շնորհավոր անե։ (Փունջ է խմում):

ԿԱՐԱՊԵՏ. Աստված շնորհավոր անե։ (Փունջ է խմում):

ՈՍԿԱՆ. Բարով պսակենք։ (Օղի է խմում շտապով):

ՇՈՒՇԱՆ. Ամեն, տեր աստված։

ՋԱՎԱՀԻՐ. Բարով չփոշմանենք։ (Փունջ է խմում, շարունակ նայելով Սոնային կասկածավոր հայացքով):

ՍՈՆԱ. (Դարձյալ ցնցվում է Ջավահիրի հայացքից):

ԿԱՐԱՊԵՏ. Այդ ո՞վ է շվի ածում։

ԶԱՌՆԻՇԱՆ. Դանիելը։