Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԱՊԵՏ. Տասնհինգ տարի է նա շվի չի ածում, այսօր ի՞նչ պատահեց նրան։


ՇՈՒՇԱՆ. Սոնայիս համար է ածում։ Նա իմ աղջկանը Մանիշակ է անվանում։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ա կնիկ, իսկ որ աղջիկդ նման է Դանիելի աղջկան։

ԿԱՐԱՊԵՏ. Շատ է նման։

ՋԱՎԱՀԻՐ. Տա աստված, որ բախտով էլ նման չլինի։

ՍՈՆԱ. (հրճվանքով լսել է շվին): Տեր աստված, ինչ լավ է ածում, ինչ լավ է ածում։

ՈՍԿԱՆ. Երրորդ բաժակը օղու դատարկելուց հետո): Ես միշտ ասել եմ, էլի ասում եմ, օրինավոր մարդիկ պիտի իրենց նման օրինավոր մարդկանց հետ խնամություն անեն: (Նորից օղի է ածում բաժակի մեջ):

ԿԱՐԱՊԵՏ. Եվ օրինավոր էլ կոնծեն։

ՈՍԿԱՆ. Այ, դա էլ շատ օրինավոր բան ասացիր։ Կենացդ: (Խմում է) Մադրասեցի տեր֊Սարգսին հո ճանաչում ես, խնամի։

ԿԱՐԱՊԵՏ. Ո՞վ չի ճանաչում գինու տկճորին։

ՈՍԿԱՆ. Մի օր կանգնել է, թե...

ԶԱՌՆԻՇԱՆ. (Վեր է կենում) Դե, հիմա գնանք Մուրադին շնորհավորենք։

ԿԱՐԱՊԵՏ. (Վեր է կենում) Գնանք, նա մեզ անհամբեր սպասում է։ (Ոսկանին) Խնամի, խոսքդ հետո կասես։

ՈՍԿԱՆ. Վնաս չունի։ (Շտապով խմում է օղի):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Շուշանին) Դե, դուք ձեր պատրաստությունը տեսեք, հարսանիքի օրը մենք կնշանակենք։

ՈՍԿԱՆ. Մենք պատրաստ ենք։ (Դարձյալ խմում է շտապով և վեր կենում):

ՋԱՎԱՀԻՐ. Տա աստված, որ չփոշմանենք։ (Մի անգամ ևս սուր հայացքով նայում է Սոնային):

ՍՈՆԱ. (Դարձյալ ցնցվում է):

ԶԱՌՆԻՇԱՆ. Մնաք բարով։ (Գնում է խորքի դռներով):

ՋԱՎԱՀԻՐ. Աստված բարին տա։ (Գնում է խորքի դռներով հեգնական ժպիտն երեսին):