ՋԱՎԱՀԻՐ. (Կարապետին չարախնդությամբ): Տեսնո՞ւմ ես, այդ էլ հո ես չեմ ասում, որ լեզուս չար անվանես:
ԿԱՐԱՊԵՏ. Է՜Է, մայր, շատ շուտ սկսվեց ձեր մեջ խառնակությունը։ Դե, ես կանանց հետ վիճելու գլուխ չունիմ: Գնացի։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 3
ԶԱՌՆԻՇԱՆ և ՋԱՎԱՀԻՐ
ՋԱՎԱՀԻՐ. (Զառնիշանի չարշովը ծալել է ու մի կողմ դրել): Լույսը բացվելու պես ոտքի վրա շան նման չարչարվում եմ, իսկ նա իր սենյակում դեռ սիլիկ-բիլիկ է անում իր մարդու հետ։ (Մինդարները ուղղելիս դես ու դեն է գցում):
ԶԱՌՆԻՇԱՆ. Նրա բանը ջոկ է, քոնը ջոկ։ Դու տասը տարվա հարս ես, նա մի ամսվա։ Քիչ կատաղիր նրա դեմ։
ՋԱՎԱՀԻՐ. Դու էլ քիչ բռնիր նրա կողմը։ Տես, չլինի վերջը զղջաս։
ԶԱՌՆԻՇԱՆ. Իսկի էլ չեմ զղջալ։ (Նստում է թախտի վրա, գրպանից քթախոտ է դուրս բերում ու քաշում): Ես էլ առաջ հակառակ էիք որ Մուրադը պսակվի մի հացթուխի աղջկա հետ, հիմա տեսնում եմ, որ որդիս չի խաբվել նրան մի անգամ տեսնելով ու սիրելով։ Սոնան ոչ միայն գեղեցիկ է, այլև խոնարհ, խելոք, աշխատասեր։ Ի՛նչ ես կատաղել, մինդարները դես ու դեն գցում։
ՋԱՎԱՀԻՐ. Մի ամիս չկա այս տուն մտնելը, ամենքիդ կախարդել է։ Ով գիտե, վաղը կամ մյուս օրը ինձ կհրամայեք, որ նրան ծառայեմ աղախնի պես։
ԶԱՌՆԻՇԱՆ. Օ՜օ, Ջավահիր, շատ չարն ես:
ՋԱՎԱՀԻՐ. (Գրգռված): Դո՞ւ էլ։
ԶԱՌՆԻՇԱՆ․ Այո, չար ես։ Ես վախենում եմ որ դու այդ անմեղ աղջկա օրը սևացնես։
ՋԱՎԱՀԻՐ. Իսկ ես վախենում եմ, որ դու մի օր պիտի վայ տաս քո գլխին նրա պատճառով։ Սպասիր, սպասիր եթե չեմ մեռնիլ, կտեսնես, որ ուրիշների ասածը նրա մասին ճշմարիտ է: