Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՈՒՐԱԴ. Դու ավելի լավ և ավելի հարուստ մարդու էիր արժանի, քան ես։ Ահ. իսկի չեմ մոռանալ այն օրը, երբ քեզ տեսա սուրբ Կարապետի մասունքին ուխտի գնալիս: Դու կանաչ խոտերի մեջ վազվզում էիր մարալի պես։ Ինչո՞ւ ոտաբաց էիր, աա՞։ (Գրկում է Սոնային մի ձեռքով, ծխախոտը մի կողմ գցելով):


ՍՈՆԱ. Մայրս էր հրամայել։ Նա ասում էր, որ ուխտի գնացող աղջիկը պիտի ոտաբաց լինի։

ՄՈՒՐԱԴ. Բայց ի՞նչ էր ուխտդ, Սոնա, աա՞, կարելի՞ է իմանալ։

ՍՈՆԱ. Չգիտեմ, մոռացել եմ։

ՄՈՒՐԱԴ. Մոռացե՞լ ես: Գիտե՞ս, Սոնա. պետք է ասել, որ դու առհասարակ մոռացկոտ ես։ Դու մինչև անգամ մեր հարսանիքի մասին էլ շատ բաներ չես հիշում, օրինակ, մեզ պսակող տեր-Սարգսի հարբած լինելը։ Միտդ չէ՞, ինչպես նա խորանից շուրջառը թարս գցած դուրս եկավ։ (Ծիծաղում է):

ՍՈՆԱ. Ոչ, միտս չէ։

ՄՈՒՐԱԴ. Մոռացկոտ ես, այդ ինչի՞ցն է, աա՞։

ՍՈՆԱ. Չգիտեմ։

ՄՈՒՐԱԴ. Լավ, ես քեզ կհիշեցնեմ քո ուխտը։ Դու գնում էիր սրբին խնդրելու, որ նա շուտով քեզ համար մի լավ փեսացու ուղարկի․․․

ՍՈՆԱ. (Ամոթխած): Լավ, այդպիսի հանաքներ մի՛ արա։

ՄՈՒՐԱԴ. Աա, կարմրեցի՞ր, ուրեմն իմացա։ Դե, ասա, ուխտըդ լա՞վ կատարվեց։ (Բաց է թողնում Սոնային):

ՍՈՆԱ. (Ամոթխած): Լավ կատարվեց։

ՄՈՒՐԱԴ. Իմն էլ լավ կատարվեց։ Ա՜հ, հենց որ հեռվից քեզ տեսա, մի ձայն ասաց. «Մուրադ, մոտեցիր այդ աղջկան»։ Ձիուս մտրակեցի, մոտեցա։ Ուզեցի երեսդ տեսնել, դու շալով ծածկեցիր։ Բայց աչքերդ բաց էին։ Տեսա, սիրտս բաբախեց։ Հետո էլի տեսա, վերջապես, ուխտատեղում երեսդ էլ տեսա։ Մի ձայն շարունակ ականջիս ասում էր. «Մուրադ, նրան աստված է ուղարկել քեզ համար, եթե ուզում ես բախտավորվել, այ քեզ կնիկ, առ նրան»։ Ուխտեցի առնել։ Հարցրի Դանիել հորեղբորս