Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնողներիդ մասին. նա ասաց, թե ովքեր են նրանք։ Հավատա, Սոնա, ես ավելի ուրախացա, երբ իմացա, որ ծնողներդ աղքատ են։ Ես ասացի մտքումս, թող հա՛մ ես բախտավորվեմ, համ էլ նրա ծնողները ուրախանան։ Մայրս, եղբայրս, մանավանդ Ջավահիրը, շատ հակառակեցին, բայց ես ասացի. «պիտի առնեմ»։ Ու առա։


ՍՈՆԱ. Ի՞նչ կանեիր եթե չուզենայի քեզ գալ։

ՄՈՒՐԱԴ. Մի օր ձի կնստեի ու քեզ կփախցնեի։ Մի՞թե ես կարող էի տեսնել, որ մի ուրիշը տանե քեզ։ (Գրկում է Սոնային և համբուրում):

ՍՈՆԱ. (Ազատվելով Մուրադի գրկից): Լավ, ամոթ է, կտեսնեն։

ՄՈՒՐԱԴ. Ամոթ է, ի՞նչն է ամոթ։ Սիրե՞լը։ Ամոթ է սիրուց ամաչելը։ Գիտես, Սոնա, գեղեցկությունը աստուծու ամենամեծ պարգևն է, պարծեցիր նրանով։

ՍՈՆԱ. (Շոյված, բայց շփոթվելով): Ես գեղեցի՞կ եմ։

ՄՈՒՐԱԴ. Իհարկե, միթե ինքդ չգիտե՞ս: Այդ սիրուն մազերդ, կապույտ աչքերդ։ Զուր չէր հորեղբայր Դանիելն ասում, թե նրանք ոսկե թելեր են և կապույտ փիրուզաներ։ Գիտե՞ս Սոնա, երբ մտիկ եմ անում աչքերիդ, միտս է գալիս երեխայությունս։ Այն ժամանակ ես սիրում էի դաշտերում ու այգիներում պառկել կանաչ խոտի մեջ մեջքիս վրա ու մտիկ անել կապույտ երկնքին։ Որքան մտիկ էի անում, այնքան նա խորանում էր, այնքան խորանում։ Քո աչքերն էլ այդպես են։ Ես բախտավոր եմ, Սոնա, այնքան բախտավոր, որ քիչ է մնում լաց լինեմ: (Մի անգամ ևս գրկում է Սոնային ու համբուրում):

ՍՈՆԱ. (Զգացված): Ա՜հ։

ՄՈՒՐԱԴ. (Բաց թողնելով Սոնային): Ինչո՞ւ վախեցար, դու չե՞ս ուզում, որ ես քեզ համբուրեմ։

ՍՈՆԱ. Ոչ այդ չէ, այդ չէ։ (Ծանր հառաչում է) Ա՜հ...

ՄՈՒՐԱԴ. Դու հառաչեցի՞ր։ Ասա, Սոնա, ի՞նչ ես մտածում, ի՞նչ ունիս սրտումդ։

ՍՈՆԱ. Ոչինչ, ոչինչ։ Բախտավորությունից գլուխս պտտեց։

ՄՈՒՐԱԴ. Հավատա՞մ, Սոնա:

ՍՈՆԱ. (Մեկուսի): Աստված իմ: (Մուրադին): Հավատա,