Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՆԱ. Ոչ, մամա, նա այստեղ հարբած չի գալիս, այլ ընդհակառակը։


ՇՈՒՇԱՆ. Գալիս է ու այստեղ հարբում, հաա՞։

ՍՈՆԱ. Այո, մամա, հենց դրա համար էլ նրան չեն սիրում այս տանը։

ՇՈՒՇԱՆ. Դե ի՞նչ անեմ, որդի, նրա երեսի մեռոնը վաղուց է թափվել։ Ամեն օր ասում եմ. «Մի՛ գնա, մի՛ գնա», էլի գալիս է։ Մարդդ շա՞տ է նախատում քեզ նրա պատճառով։

ՍՈՆԱ. Ոչ, մամա, ընդհակառակը, նա մի քիչ առաջ ինքն էր խնդրում, որ հայրս ամեն օր գա մեզ մոտ։ Քեզ էլ էր խնդրում։ Սկեսուրս ու մանավանդ Ջավահիրը չեն սիրում հայրիկին։

ՇՈՒՇԱՆ. Ախար նա ի՞նչ սիրելու բան է, որ սիրեն, դե, ինչ անեմ, որդի, իմ խոսքը հորդ վրա չի ազդում, կարելի է քոնն ազդե։ Ասա, որ չգա քո տունը։

ՍՈՆԱ. Օ՜օ, ոչ, մամա, մի՞թե աղջիկը կարող է հորն արգելել իր տունը գալու։

ՇՈՒՇԱՆ. Ուրեմն, ի՞նչ անենք։ (Հանկարծ հիշելով): Հա, էլի Դանիելը կարող է մեզ օգնել։ Ես նրա հետ կխոսեմ։

ՍՈՆԱ. Բայց, մամա, Դանիելին էլ չեն սիրում այս տանը, բացի Մուրադից։

ՇՈՒՇԱՆ. Նա գալի՞ս է այստեղ։

ՍՈՆԱ. Ամեն օր։ Գալիս է, առողջությանս մասին հարցնում ու գնում։ Ա՜հ, մամա, չգիտես ինչքան եմ սիրում այդ անբախտ մարդուն: Լսո՞ւմ ես, դա նա է։ (Բեմի հետևից լսվում է սազի ձայնը):

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ

ԳԻԺ–ԴԱՆԻԵԼ․ (Բեմի հետևից սկսելով երգը, գալիս է կանգնում աջ կողմի դռների մեջ: Հագած է ոտներին կոշիկներ, շապկի վրա արխալուղ)։


Իգիթ տեսա, ձի էր նստած, սիրեցի,