քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները: Այստեղ հանդիպում է Շուշանին):
ՇՈՒՇԱՆ. Բարի լույս։ (Գալիս է աջ կողմի դռներով: Հագնված է համեմատաբար մաքուր, գլխին գցած է նոր շալ: Համբուրվում է Սոնայի հետ: Անհանգիստ է, միևնույն ժամանակ, ուրախ): Ո՞ւր էիր գնում.
ՍՈՆԱ. Խոհանոց։
ՇՈՒՇԱՆ. (Շալը գլխից վերցնելով): Սպասիր մի քիչ։ Ասա տեսնեմ ի՞նչպես ես (Նստում է թախտի վրա):
ՍՈՆԱ. Շատ լավ եմ, մամա, շատ լավ եմ։
ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Գոհություն աստծո, որդի։ Տեսա՞ր. ասում էի, որ կամուսնանաս... Այժմս ես էլ հավատում եմ, որ մեր գլխին աստված կա։
ՍՈՆԱ. Նա միշտ եղել է, կա և կլինի (Աչքերը բարձրացնում է վեր, երեսին խաչակնքում):
ՇՈՒՇԱՆ. Մուրադից գո՞հ ես, լա՞վ է պահում քեզ։
ՍՈՆԱ. Ավելի լավ, քան արժանի եմ։ Մուրադը ոսկե սիրտ ունի։
ՇՈՒՇԱՆ. Սկեսո՞ւրդ ինչպես է վարվում քեզ հետ։
ՍՈՆԱ. Նա սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում։ Նա լավ կին է։
ՇՈՒՇԱՆ. Ուրախ եմ, որդի, ուրախ եմ։ Էհ, տեքորդ կնի՞կն ինչպես է։
ՍՈՆԱ. (Շփոթվելով): Ջավահիրը... (Գլուխը թեքում է կրծքին):
ՇՈՒՇԱՆ. Այո, Ջավահիրը։ Ինչո՞ւ լռեցիր, չլինի թե...
ՍՈՆԱ. Ոչինչ, մամա, նա էլ լավ կին է, միայն թե մենք դեռ միմյանց չենք սովորել։
ՇՈՒՇԱՆ. Աշխատիր նրա հետ հաշտ վարվել: Քեզանից մեծ հարս է, պատիվը պահիր։
ՍՈՆԱ. Մամա, մի բան եմ ուզում խնդրել, չնեղանաս։
ՇՈՒՇԱՆ. Ասա որդի, ես ոչ մի բանից չեմ նեղանալ։
ՍՈՆԱ. (Քիչ տատանվելով): Ասա հայրիկին, որ մի փոքր ծանր պահի իրան։
ՇՈՒՇԱՆ. Ի՞նչ է պատահել, հարբած եկել է և անկարգությո՞ւն է արել։