օրհնությունը, երկնքից, երկնքից։ (Գլուխ է տալիս, ձեռը կրծքին սեղմելով): Բարով Լեյլիին, բարով Մեջնունին։ Թող սերը լինի ձեր պահապան հրեշտակը։
ՄՈՒՐԱԴ. Շնորհակալ եմ, հորեղբայր։ (Խնամքով ու սիրով): Առաջ եկ, առաջ եկ, սուրբ մարդ, դուրսը ցուրտ է, նստիր քրսինի տակ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Երկու ձեռքով հենվում է գավազանի վրա): Այնտեղ Էի:
ՄՈՒՐԱԴ. Ո՞րտեղ, հորեղբայր։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Մեյսարիում։ Ուխտի էի գնացել։
ՍՈՆԱ. Այդ ցրտո՞վ:
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Ասլան Դանիելի համար ցո՛ւրտ չկա, ձյուն չկա, սառույց չկա։ Նա ձմեռը այրվում է, ամառը սառչում, քար դառնում։ Էյ, հարիֆ Մուրադ, ինձ լսիր. կուրծքս խփեցի Մանիշակիս գերեզմանի քարին, ձայն բարձրացրի ու ասացի. «Ֆարհա՜դ, դատաստանդ որտեղ է»։
ՍՈՆԱ. (Հետաքրքրված): Ի՞նչ պատասխանեց Ֆարհա՛դը։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Գլուխը բարձրացնելով): Նա ասաց. «Իմ դատաստանը երկնքումն է. Մանիշակիդ ձեռքում։ Լսիր նրան լսիր, Դանիել։ Նա քեզ ամեն բան կասե»։ Մուրադ, Մուրադ, բալա ունեի, կորցրի։ Յոթ տարի անցավ, գտա նրան։ Նա ընկած էր հողի վրա, երեսը կապտած, բերանը փրփուր կապած, խռխռում էր։ Վերցրի, այ այսպես, կրծքիս սեղմեցի։ (Գավազանը սեղմում է իր կրծքին): Ութ տարի պահեցի։ Պահպանեցի, տվեցի քեզ։ (Սոնային): Գիտե՞ս, բարձրացել էի Ղըզ-Ղալասիի գլուխը, այնտեղից տեսա ձեր կտուրը ձյունով ծածկված։ Այ, ասացի, նրա տակն են ապրում իմ զավակները։
ՄՈԻՐԱԴ. (Զգացված): Այո հորեղբայր, ես և Սոնան քո զավակներն ենք։
ՍՈՆԱ. (Մի տեսակ ինքնամոռացության մեջ): Սո՜ւրբ մարդ, սուրբ մարդ...
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Լսեցեք։ Լսեցե՜ք, գիշերնե՛րը արյունոտ երազներ եմ տեսնում։ Չար դևերն ինձ տանում են թուրքերի գերեզմանատուն, գավազանս խլում են, ինձ գցում են գետնի վրա, ուզում են խեղդել։ Մանիշակս ձեռները