ծոցին դրած, լաց է լինում, հաց է ուզում, պանիր ուզում, խաղող ուզում։ Նա շատ է սիրում։ Չեն թողնում բալիս ազատեմ, չեն թողնում։ (Լալիս է առանց արցունքի):
ՍՈՆԱ. (Խորապես զգացված): Նա լաց է լինում իմ արտասուքն էլ գալիս է, սուրբ մարդ, տուր ձեռքդ համբուրեմ։ (Ուզում է Գիժ-Դանիելի ձեռքը համբուրել):
ՄՈՒՐԱԴ. (Դառնությամբ, կշտամբանքով): Ի՞նչ ես անում, ի՞նչ ես անում, Սոնա։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Չի թողնում, որ Սոնան իր ձեռը համբուրի, գրկում է նրա գլուխը, շոյում է նրա մազերը): Մանիշակս, Մանիշակս, քեզ ուզում են դուրս անել այս տնից։ Ուզում են, որ դու էլ իմ օրն ընկնես, փողոցներում, դաշտերում, ձորերում, ոտաբոբիկ, գլխաբաց...
ՄՈՒՐԱԴ. (Զգացմունքով): Ոչ ոք նրան իմ տնից չի կարող դուրս անել, ոչ ոք։
ՍՈՆԱ. (Սիրով փարվելով Գիժ-Դանիելին, ինչպես հարազատ հորը): Նրանք ասում են, որ ես չար ոգի եմ։ Այո՞, սուրբ մարդ, ես չա՞ր եմ, ասա՛։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Բաց է թողնում Սոնայի գլուխը): Պատառ-պատառ կանեմ սուտ ասողներին։ Էյ, Մուրադ, պահպանիր դրան, խեղճ եմ, ոչ ոք չունիմ, ոչինչ չունիմ, բացի սրանից։
ՄՈՒՐԱԴ. Կպահպանեմ, հորեղբայր, կպահպանեմ։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Եթե չես պահպանիլ, աչքերս կհանեմ ասեղներով, կկուրացնեմ: Կվերցնեմ գավազանս, ձեռս կդնեմ Մանիշակիս ուսին։ Նա ինձ կտանի եկեղեցիներ, մատուռներ, ուխտատեղեր։ Մենք միասին աղոթք կանենք չար մարդկանց հոգու փրկության համար։
ՍՈՆԱ. (Խորին ոգևորությամբ): Ինչ լավ ասացիր, սուրբ մարդ, ինչ լավ ասացիր։ Օ՜օ, հոգիս զվարթացավ, աչքերս բացվեցին, մեկ էլ ասա, մեկ էլ ասա։ Գնանք, գնանք, ես գալիս եմ քեզ հետ։ (Բռնում Է Դանիելի թևը):
ՄՈՒՐԱԴ. (Ավելի զարմանալով): Ո՞ւր ես գնում, Սոնա, ի՞նչ ես անում, ուշքի եկ...
ՍՈՆԱ. (Բաց թողնելով Գիժ-Դանիելի թևը, Մուրադին): Սուս, դու ոչինչ չգիտես, դու մոլորված ես։ (Խորին էքստազում):