Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնա՛, ես քեզ համար կյանքի ընկերուհի չեմ, այլ ուրիշ բան։

ՍԱՄՍՈՆ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ա՛հ, իմ վիշտն էլ այն է, որ չես հասկանում և, երևի, երբեք չես հասկանալ ինձ։ Հինգ տարի է քո կինն եմ, և գեթ մի անգամ դու չես կարողացել բաբախել տալ իմ սիրտը։ Ես քո հոգու և արյան բաժինը չեմ, այն, ինչ որ երևակայում էի, թե պիտի լինի մի կին իր ամուսնու համար։ Քո գլուխը լի է հաշիվներով, քո սիրտը կաշկանդված է քո գործերի ցանցով։
ՍԱՄՍՈՆ. Ճիշտ է, ճիշտ է, հետո՞։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Դրամի սերը դարձել է քեզ համար բռնակալ կիրք և հափշտակել է քեզ իսկական կյանքից։ Բայց ի՞նչ եմ անում քո հարստությունը, որ այնքան երեսովս են տալիս քո քույրն ու մայրը։ Ինձ սիրտ է հարկավոր, վառվռուն, թրթռուն սիրտ, հարուստ հոգի, կյանք, հասկսւնո՞ւմ ես, կյա՛նք։ Գնա քո գործերի հետևից։ Ես այն չեմ, ինչ որ հարկավոր է քեզ նման խելոք մարդու։ Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք։ Մայրդ ու քույրդ ունին իրավունք ատելու։ Ո՞ւմ եմ դիմում ես իմ անմիտ փափագներով, իմ հիմար երազներով։ Մտի՛ր առանձնասենյակդ, խորասուզվի՛ր քո հաշիվների մեջ և հետո... ո՜վ գիտե: Իսկ ես... թո՛ղ, որ իմ տխմար երևակայությամբ երջանկության օդային դղյակներ կառուցանեմ։ (Շտապ բարձրանում է պատշգամբ և անհետանում):
ՍԱՄՍՈՆ. Կա՜ց, սպասի՜ր։ (Մի երկու քայլ է անում Արմենուհու հետևից և կանգ առնելով, մտածում է): Զարմանալի է, տարօրինակ։

Վարագույր