ՋԱՎԱՀԻՐ. (Նույնպես գրգռված): Մտիկ արա ինչի՞ է նման: Սառել է, քարացել ոտքի վրա, նա կենդանի դիակ է։
ՄՈՒՐԱԴ. Նա ի՛մ կինն է, իմ սերը, իմ կյանքը։ (Մեղմ խնամքով): Գնա, Սոնա, գնա սենյակս, հանգստացիր։ (Բռնում է Սոնայի թևից և տանում դեպի խորքի ձախակողմյան դռները):
ՍՈՆԱ. (Մեքենաբար հետևում է Մուրադի հրամանին և գնում խորքի ձախակողմյան դռներով):
ՏԵՍԻԼ 6
ՆՈԻՅՆՔ առանց ՍՈՆԱՅԻ
ԶԱՌՆԻՇԱՆ. (Ուղեկցել է Սոնային ու Մուրադին տխուր հայացքով, գլուխը վշտահար շարժելով):
ՋԱՎԱՀԻՐ. (Ուղեկցել է Սոնային ատելությամբ լի հայացքով):
ՄՈՒՐԱԴ. (Վերադառնալով բեմի կենտրոնը): Դե հիմա ասացեք. ի՞նչ եք ուզում ինձանից։
ԶԱՌՆԻՇԱՆ. Մի՛ արա, որդի, մի՛ արա այդ բանը։ Մենք քանդվում ենք, կործանվում։ Իսկ դո՞ւ, ախ։ Մտիկ արա հայելուն, ինքդ քեզ տես ճանաչիր։ Լղարել ես, դեղնել, աչքերդ փոսերի մեջ են ընկել։ Գիշերները քուն չունիս, ցերեկները դադար, ման ես գալիս դիվահարի պես դես ու դեն։ Սև լիներ այն օրը, որ չար ոգին ոտ դրեց մեր տունը, սևացրեց նա մեր օրը։
ՋԱՎԱՀԻՐ. Լսիր մորդ խոսքը, արձակիր նրան, ազատիր մեզ։ Երեխաս հիվանդացել է, Կարապետն ախ ու վախով է օրերն անց կացնում, ես վախից գիշերները քնել չեմ կարողանում, մայրդ տանջանքից կուչ է եկել, կծիկ դարձել։ Խնայիր մեզ, դուրս արա դրան։
ՄՈՒՐԱԴ. Վերջացրի՞ք, էլ ասելիք չունի՞ք։
ՏԵՍԻԼ 7
ՆՈԻՅՆՔ և ԿԱՐԱՊԵՏ
ԿԱՐԱՊԵՏ. (Մի քանի վայրկյան առաջ երևացել է աջ կողմի դռների մեջ և ականջ դրել): Ես ունիմ։ Այդպես շարունակել