Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ԶԱՌՆԻՇԱՆ, հետո ՋԱՎԱՀԻՐ

ԶԱՌՆԻՇԱՆ. (Երևում է խորքի աջակողմյան դռների մեջ: Գրգռված է և այլայլված): Ի՞նչ եք անում դուք այստեղ։ (Գիժ-Դանելին): Է՞լի ինչու ես եկել. ինչո՞ւ եք գալիս ամեն օր։

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Գավազանը պատի տակից վերցնելով): Չար դևը, Չար դևը։
ԶԱՌնԻՇԱՆ. Հեռացիր, թող մեզ հանգիստ։
ՄՈՒՐԱԴ. Մայր, մի մոռանար, որ նա իմ հորեղբայրն է։
ԶԱՌՆԻՇԱՆ. Սուս, դու ոչինչ չգիտես։ Նրան հացթուխն է ուղարկում ամեն օր։ (Սոնային մեծ գրգիռով): Ահ, կրակն ընկնես դու, ինչպես մեզ կրակը գցեցիր։
ՍՈՆԱ... (Լուռ, ընկճված, նայում է ցրված հայացքով):
ՋԱՎԱՀԻՐ. (Գալիս է աջ կողմի դռներով, արխալուղը ծալած թևերն ուղղելով): Էլի գիժը։ Ամեն օր գալիս է ու մեզ վախեցնում իր գավազանով։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Օ՜օ, չար Հուլիանոս, Սադայելի բերք, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ։
ՍՈՆԱ.(Աղերսելով): Գնա, Դանիել ապեր, գնա։

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Հպատակվելով): Հա, բալաս գնում եմ, գնում եմ։ (Նայելով Սոնային հայրական գուրգուրանքով, գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ, առանց ԳԻԺ-ԴԱՆԻԵԼԻ

ՍՈՆԱ. (Կանգնած է միևնույն տեղում արձանացած: Գրգռումից հետո ռեակցիա):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Տակավին հուզված): Եվ դու պիտի ապրես դրա հետ, պիտի ապրես մի տան մե՞ջ։
ՄՈՒՐԱԴ. Այո, պիտի ապրեմ մինչև մահ, երդվել եմ աստծու տաճարի առջև։