ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Գավառական քաղաք Թուրքիայում՝ խառն ազգաբնակչությամբ: Միրհրդատ Մանգունու տունը: Մի բավական մեծ սենյակ: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ: Խորքի պատի մեջ դռներ դեպի մյուս սենյակները: Աջ պատի մեջ դռներ դեպի նախասենյակ: Երկու պատերի առջև թախտեր՝ տեղական գորգերով ծածկված: Ձախ պատի առջև դեպի ավանսցեն փոքրիկ գրասեղան՝ քովն երկու աթոռ: Հատակն ամբողջովին ծածկված է գորգերով: Պատերի վրա մի քանի աննշան նկարներ և էջմիածնի կաթողիկոսի և Պոյսի հին ու նոր պատրիարքների պատկերները: Առաստաղից քաշ է արած մի մեծ լամպար՝ կերոսինի: Գրասեղանից վեր քաշ է արած հայելի: Աջ պատի մեջ բուխարի, որ վառ չէ: Ընդհանրապես սենյակը կրում է նյութական ապահովության կնիք:
ՏԵՍԻԼ 1
ՆՈԻԳԶԱՐ. ՀԵՏՈ ԱՐՓԵՆԻԿ
ՆՈՒԳԶԱՐ. (Մոտ 30 տարեկան կին է, հասարակ, բայց մաքուր հագնված: Գլուխը ծածկված է թաշկինակով: Ոտներին չուստեր: Վարագույրը բարձրանալիս, թախտերը կարգի բերելով, հանդարտիկ երգում է թախծալի եղանակով):