Քուրիկ արև
Քեզի բարև,
Ինչո՞ւ այդպես
Սև ամպերեն
Դու խավրեր ես,
Իմ ցա՞վ ունիս,
Իմ դարդ ունիս,
Դուն ալ հա՞յ ես,
Թուրքի փա՞յ ես։
Եփրատ ախպեր,
Դաշտերի սեր,
Ինչո՞ւ այդպես
Պղտորել ես,
Փրփրել ես,
Դուն ա՞լ ինձ պես
Խեղճ հայր ու մայր
Կորսուցել ես․
Արտասուքեն
Կուրացե՞լ ես։
ԱՐՓԵՆԻԿ․ (Գալիս է խորքի դռներով։ Մոտ 30կօ տարեկան կին է, նիհար, գունատ։ Հագած է եվրոպական շրջազգեստ և կոշիկներ, այնինչ գլուխը կապած թաշկինակով)։ Հը, էլի՞ երգեցիր քո տղուր երգը։
ՆՈՒԳԶԱՐ․ (Աչքերը հագուստի թևերով սրբելով)։ Էհ, ի՞նչ ընեմ, Արբի խաթուն, միտս եկան սև օրերը։ Եղավ քսան տարի, որ համիդիները մեր տունը կոտորեցին ու զիս անարգեցին։
ԱՐՓԵՆԻԿ․ Մոռցիր, Նուգզար, մոռցիր եղածը։ Ռուսը գալիս է․ նա մեզ կազատե թյուրքի լծեն։ Ռուսի թուրը կտրուկ է։ (Մոտենում է լուսամուտներից մեկին)։
ՆՈՒԳԶԱՐ․ (Երեսը խաչակնքելով)։ Կըսեն՝ շատ զորավար է։ Աստված անոր թրին ավելի ուժ տա, որ մեզի փրկե։ Հերիք տանջվեցինք այս դժողքում։ (Թախտի վրայից ավեը վերցնելով․ քայլերն ուղում է դեպի խորքի դռները)։
ԱՐՓԵՆԻԿ․ (Լուսամուտով նայում է փողոց)։ Կեցիր, Նուգզար, այստեղ նայիր։ Այն ո՞վ է, որ քայլում է մեր կողմ։
ՆՈՒԳԶԱՐ․ (Մոտենում է լուսամուտին)։ Նայեմ, ո՞ւ կուրացել եմ, լավ չեմ տեսնում, էֆենդի մըն է։
ԱՐՓԵՆԻԿ․ Չե՞ս ճանչընար, Գալոն է։ Գնա, մեծ խարունին հայտնիր, շուտ։ (Լուսամուտից հեռանում է)։