ԶԱՐՄԱՑՐ. (Մհերին): Ես քեզ կպատժեմ, (Բարձր պարենապաններին): Էհ, այսօր երեք ֆունտից ավեվի հաց չտաք այդ ջանավարին։ Թողեք քաղցած սատկե։ (Գնում է վանք): ՄՀԵՐ. Փիշտ։ ՊԱՐԵՆԱՊԱՀՆԵՐ. (Մնացորդ պարենը ժողովում են ու տանում վանք):
ՏԵՍԻԼ 6
ՀՐԱԶԴԱՆ, ՍԱՔՈ և ԱԼԻՇԱՆ
ՀՐԱԶԴԱՆ. (Մռայլ. գլուխը շարժելով): Դարերի անասելի տանջանքները մեզ դարձրել են մարմնացած թույն։ Եվ թույն ենք մենք ոտքից մինչև գլուխ։ (Սաքոյին): Ի՞նչ նորություն կա։ ՍԱՔՈ. Կամավորների նոր խմբեր են եկել և զենք են պահանջում: ՀՐԱԶԴԱՆ. Ո՞րտեղից են։ ՍԱՔՈ. Ռումանիայից, Բուլգարիայից, Ամերիկայից, Հնդկաստանից, աշխարհի բոլոր վայրերից, ուր կան մի բուռը Հայեր։ ԱԼԻՇԱՆ. (Ոգևորված): Օրհնվին եկողները։ Հինգ դար է՝ հայությունը այդպես չի շարժվել իր ազատության համար։ ՍԱՔՈ. (Հրազդանին): Ի՞նչ կհրամայես անել։ ՀՐԱԶԴԱՆ. Թող բժիշկը քննե բոլորի առողջությունը, իսկ դու փորձիր նրանց զինավարժությունը։ Պետք է ընդունել այնպիսիներին միայն, որոնք անպայման առողջ են, դիմացկուն և գիտեն զենք գործածել։ ՍԱՔՈ. Լսում եմ։ Եկել են երկու երիտասարդ օրիորդներ՝ մեկը հայ, մյուսը ռուս։ ՀՐԱԶԴԱՆ. Գթության քույրե՞ր են։ ՍԱՔՈ. (Ժպտալով): Ոչ, եկել են իբրև զինվորներ՝ կռվելու համար։