Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեմ ծխել։ (Մոտենում է ծխախոտ բաժանողին և իր բաժինը վերցնում): ԶԱՐՄԱՅՐ. Տասը հատ, ոչ ավելի» տասը հատ։ ՄՀԵՐ. էհե, այդ դո՞ւ ես, սատանայի ոջիլ։ Ո՞ւր ես, ձայնդ լսում եմ, քեզ չեմ տեսնում։ (Իբրև թե փնտրում է, ինչպես մի ասեղ): ԶԱՐՄԱՅՐ. Ես սատանայի ոջիլ չեմ. ես տնտեսապետ եմ։ Ես քեզանից չեմ վախենում, Սասունի արջ։ ՄՀԵՐ. Ի՞նչ, Սասունի ա՞րջ։ (Բռնում է Զարմայրին և բարձրացնում է իր գլխի վերև): Ես քեզ ցույց կտամ, ինչ է Սասունի արջը։ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Ծիծաղելով): Ուռա, ագռավը թռավ ելավ փղի գլխին։ ՄՀԵՐ. Տղերք, ո՞րտեղ գցեմ սրան։ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. Վանքի կտուրը։ Չէ, չէ, մեզ վրա։ Չէ, գցիր Եփրատի մեջ։ Մկրտիր նրան։ Նա ջհուդ է։ ԶԱՐՄԱՅՐ. (ճիգ է անում դաշույնը պատյանից դուրս բերելու, չի կարողանում: Կատաղում է և սկսում է Մհերի ձեռքերը կրծոտել): Բաց թող, արջ, բաց թող, մոլթանի, բաց թող, ազգային գոմեշ։ ՄՀԵՐ. Շուն, ձեռներս կրծոտեց։ (Դնում է Զարմայրին գետնի վրա: ԶԱՐՄԱՅՐ. (Տնքտնքալով): Ահ, ոսկորներս ջարդ ու փշուր արավ անօրենը։

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ և ՍԱՔՈ

ՍԱՔՈ. (Մոտ 35 տարեկան զվարթ դեմքով տղամարդ է: Առաջ է գալիս բեմի խորքից: Զարմայրին): Լավ, քիչ ծվծվա, փառք տուր աստծուն, որ էժան պրծար։ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Ցրվում են բեմի խորքը): (Բեմի հետևից՝ կամավորների, ցրվելուց հետո լսվում է երաժշտություն: Նվագում են նախ քյամանչա ու թառ, ապա սրինգ):