Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանջանքով և առհասարակ ապրում է բեմի վրա): ԶԵՄԱԼ֊ԲԵՅ. Յոթանասուն ու հինգ օրեր ու գիշերներ տիրել եմ նրան իշխանաբար։ Նա բախտ է ունեցել վայելելու իմ սերը, իմ փաղաքշանքները, իմ կրակոտ համբույրները։ Նա, այդ ստրուկ հայ աղջիկը, որին նախանձում էին փաշաների հարճերը: ԳԱԼՈ. (Մեկուսի): Աստված իմ, տուր ինձ ուժ լռելու: ԶԵՄԱԼ-ԲԵՅ. Ահ, երջանիկ էին այդ օրերը։ Կաքավի պես էր թռվռում նա իմ գրկում։ Սարսափն ու ամոթը կրկնապատկում էին նրա գեղեցկությունը։ Բիհիշտումն էի երեվակայում ինձ նրան համբուրելիս։ ՍԱԹԵՆԻԿ. (Կատաղի): Լռելո՞ւ ես, պիղծ ծերունի, թե չէ։ Քո անարգ շրթունքները վիրավորում են երկնային դատավորի լսելիքը։ Չէ՞ որ պատասխան ունիս տալու նրա գահի առջև։ ԶԵՄԱԼ-ԲԵՅ. Ալլահը միշտ բարեհամբույր է դեպի երիտասարդական ավյունը։ ՍԱԹԵՆԻԿ. Եթե չես վախենում ալլահից, եթե չես ամաչում մարդկանցից, ամաչիր գոնե քո զավակից։ (Ցույց է տալիս Գալոյի վրա): Տեսնում ես՝ ինչպես է տանջվում նա, լսելով քո լիրբ խոսքերը։ Նա քո որդին է։ (Երեսն ամոթից դարձնում է Գալոյից): ԶԵՄԱԼ֊ԲԵՅ. Անթար, ի՞նչ ասաց նա։ Իմ որդին։ Ո՞րը։ ԳԱԼՈ. Ես, ԶԵՄԱԼ֊ԲԵՅ. Դո՞ւ։ ՍԱԹԵՆԻԿ. Այո, նա՝ քո պղծության և իմ խայտառակության պտուղը։ (Երեսը նորից դարձնելով): Աստված իմ, ներիր ինձ այս ամոթը։ (Լռություն): ԶԵՄԱԼ-ԲԵՅ. (Դիտելով Գալոյին ոտքից մինչև գլուխ): Ալլահ, ալլահ, ոչ ոք չի կարող հասկանալ քո կարգադրությունները։ Լսեցի՞ր, Անթար, նա ճիշտ ասաց։ Այդ հասա՜կը, այդ աչքերը... Ես եմ ոտքից մինչև գլուխ։ Դա իմ երիտասարդությունն է, թեև ես դրա պես խեղճ չեմ եղել։ (Գալոյին): Դու, իհարկե, մահմեդական ես։