տային, ես էլ կկռվեի քուրդերի ու թուրքերի դեմ, այնքան կատաղել էի։ ԱՐՓԵՆԻԿ. Կկռվեիր, գիտեմ, դու քո հոր աղջիկն ես, նրա պես աներկյուղ։ ՆԻԳԱՐ. Այո, ես Հրազդանի աղջիկն եմ և պարծենում եմ դրանով։ Եվ ո՞ր զավակը չի պարծենա այնպիսի հորով։ Իսկ քո մարդը։ Նա ի՞նչ տղամարդ է։ Գալոն ասում է, որ հորեղբայր Միհրդատը Ջեմալ-բեյի հետ դաշույններով կռվելիս՝ նա ջուրն ընկած հավի պես կուչ էր եկել ահա այն անկյունում, ու լեզուն պապանձվել էր։ ԱՐՓԵՆԻԿ. էհ, ինչ արած։ Աստված իմ մարդուն էլ այդպես է ստեղծել։ Նա մարդկային արյուն տեսնել չի կարող։ Իսկ Գալո՞ն։ ՆԻԳԱՐ. Այո, Գալոն էլ քաջ է։ Հորաքույր Սաթենիկն ասում է, եթե Գալոն միջտեղ չընկներ, Ջեմալ-բեյի դաշույնը, պիտի հորեղբայր Միհրդատի կրծքի մեջ խրվեր։ ԱՐՓԵՆԻԿ. Այ, տեսնում ես, արի այսուհետև էլ ասա, որ Գալոյին չի կարելի սիրել։ ՆԻԳԱՐ. Ես երբեք այդ չեմ ասել ու չեմ ասի։ Ես Գալոյին չեմ ատում։ ԱՐՓԵՆԻԿ. Չես ատում, բայց ինչքան տանջել ես։
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ
ՍԱԹԵՆԻԿ. (Գալիս է ձախ կողմի դռնով: Տրամադրությունը զվարթ է: Հագած է տոնական զգեստ): Դուք այստե՞ղ եք, անգործ։ Գնացեք խոհանոց Նուգզարին օգնելու։ Այսօր հյուրեր ունենք։ ՆԻԳԱՐ. (Ուրախ): Հյուրե՞ր։ ՍԱԹԵՆԻԿ. Այն էլ ի՞նչ հյուրեր, Արամազդի ու Տիրանի ընկերները։ Պետք է ընտիր կերակուրներ պատրաստել։ ՆԻԳԱՐ. Ահ, հիանալի է։ (Ծափ է տալիս ուրախությունից): ՍԱԹԵՆԻԿ. Վերջապես մենք էլի ուրախ օր կտեսնենք այնքան տառապանքներից հետո։