ՍԻՐԱՆՈՒՅՇ. Մի՞թե հետաքրքրական է։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ոգևորված): Օօ՜, տիկին, այդ մի սքանչելի տեսարան է։ Մի երազ և այնպիսի երազ, որ միայն մանուկ հասակում կարելի է տեսնել։
ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Օհո՜, սկսեց։ (Բարձր): Սինեմատոգրաֆումն էլ կարելի է տեսնել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Վիրգինեի վրա): Ձեր առջև տարածվում է Կովկասյան լեռնաշղթան աջ ու ձախ։ Ձյունապատ գագաթները ոսկեզօծված, լայնատարած սառցարանները մանիշակագույն, ինչպես երկինքը ամառային երեկո։ Վերը սպիտակ ամպերի վիթխարի քուլաները վարը մթին անդունդները։ Լույս և խավար, կյանք և մահ, աստվածային գեղեցկություն և դիվային զորություն։ Երանգների աննկարագրելի խառնուրդ։ Եվ դուք, նայելով հսկաների վարդագույն գագաթներին ու նրանց հուժկու կրծքերին, սլանում եք դեպի հեռավոր, անծանոթ աշխարհներ, ուր չկան մանր կրքեր, չնչին հույզեր, նյութամոլություն, նախանձ, զրպարտություն... բանսարկություն, ատելություն։ Ա՜հ, այդ սքանչելի է, ինչպես տիեզերքի գոհար... (Վեր է կենում):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Կիսահեգնական): Կեցցե՛ք, կեցցե՛ք, դու կատարյայ բանաստեղծ եք։ (Վեր է կենում):
ՎԻՐԳԻՆԵ. (Բռնի ծիծաղելով): Պակասում է միայն սազը։ (Վեր է կենում): Է՛հ, այնքան վեպեր է կարդացել, որ կարող է մի բան անգիր անել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Նայում է Վիրգինեին հանգիստ, արհամարհական հայացքով):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նայելով իր ժամացույցին): Ա՛հ, արդեն տասներկու ժամն է։ Հմայակն ուշացավ, ես չեմ կարող նրան սպասել։ Դե՜հ, ցտեսություն, սիրելիս. ես լեռներ բարձրանալ չեմ կարող։ Տափարակ տեղ էլ կարելի է զվարճանալ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուղեկցում է Սիրանույշին մինչև խորքի դռները և ետ է գալիս: Հառաչում է իբրև մի մեծ ձանձրույթից ազատված):