Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԻՐԳԻՆԵ. Արմենուհի, դու իսկի հյուր զբաղեցնելու շնորհք չունիս։

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ): Ճշմարիտ ես ասում։ (Ուզում է գնալ աջ կողմի երկրորդ դռներով, Սամսոնին տեսնելով կանգ է առնամ):


ՏԵՍԻԼ 5
ԱՐՄԵՆՈԻՀԻ, ՍԱՄՍՈՆ և ՎԻՐԳԻՆԵ


ՍԱՄՍՈՆ.(Գալիս է աջ կողմի առաջին դռներով: Հագած է ուրիշ հագուստ, մոխրագույն կոմպլե): Վիրգինե՛, աղախնին հրամայիր երկու գավաթ սուրճ տանել իմ սենյակը։
ՎԻՐԳԻՆԵ. Իսկույն։ (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով):


ՏԵՍԻԼ 6



ՍԱՄՍՈՆ և Արմենուհի


ՍԱՄՍՈՆ. (Սպասել է, որ Վիրգինեն հեռանա: Գրգռված): Լսի՛ր։ Հայրդ իրան խելոք չի պահում, ես պատասխաննատու չեմ իմ մասին։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ է պատահել։
ՍԱՄՍՈՆ. Այս րոպեին նա ինձ վիրավորեց օտարի ներկայությամբ։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վիրավորե՞ց, քե՞զ, հա՞յրս. այդ անկարելի բան է։
ՍԱՄՍՈՆ. Ակա՛նջ դիր. նա անցնում էր իմ լուսամուտի առջևով։ Ես խնդրեցի նրան մտնել իմ սենյակը մի րոպե, կամենում էի ցույց տալ նրան Վառլամյանի շինած պլանը մեր նոր տան համար։ Պատիվ էի ուզում անել։ Երևակայի՛ր, նա ինչ պատասխան տվեց. «Թո՛ղ ինձ հանգիստ, ես չեմ ուզում տեսնել քո նոր տունը, որ շինում ես հինը քանդելով»։ Ի՞նչ էր ուզում ասել այդ խոսքերով