Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճակատագիրը այդ չկամեցավ և ինձ հետ խաղաց մի սոսկալի խաղ։

ՏԻՐԱՆ. Ո՞րն է այդ խաղը, Գալո:

ԳԱԼՈ. Զեմալ֊բեյի հայտնվելն իմ ճանապարհի վրա։ (Հուզմունքից մի քանի վայրկյան կանգ է առնում): Առաջին պահ, երբ ես տեսա նրան. անզուսպ ատելություն էր, որ պաշարեց ինձ։ Ես ասացի իմ մտքումս. «Ահա վերջապես այն մարդը, որ իմ անարգ ծննդյան և թշվառ գոյության հեղինակն է»։ Ես պատրաստ էի հարձակվել նրա վրա և իմ թունավոր ատամները խրել նրա կոկորդի մեջ, որից այնքան զզվելի խոսքեր էին դուրս գալիս։ Այո, հարձակվել իմ հոր վրա, ինչպես կատաղի շունն է հարձակվում իր մոր վրա, չզգալով, որ իր ծնողն է։ Բայց նույն պահին, հոգուս հատակում, այնտեղ, ուր մարդկային հայացքը դժվար է թափանցում, զարթնեց մի ուրիշ, բոլորովին հակառակ զգացում։ Չգիտեմ, որդիակա՞ն էր այդ զգացումը, թե ինչ, բայց ավելի զորեղ եղավ, քան ատելությունը։ Եվ ես ինձ զսպեցի։ Ես ճանաչեցի իմ հորը՝ իբրև հոր, ընդունեցի նրան, առանց սակայն իմ զգացումն արտահայտելու որևէ նշանով։ Ես կարծում էի, որ իմ հոգեկան վիճակը զգալի կլիներ առանց խոսքերի էլ և մարդիկ կխնայեին ինձ՝ եթե ոչ իբրև մի որդու, գոնե իբրև մի մարդու, որ, ինչևէ, գոնե անասնի չափ բնազդ ունի։ Բայց այդպես չեղավ։ Դուք սպանեցիք իմ հորը և սպանեցիք իմ աչքերի առջև, իսկ նա, (Ձեռր տարածելով դեպի դեպի աջակողմյան դուռը Մինրզաաին ակնարկելու համար), որի կյանքն ես ազատեցի այս անարգված ձեռքովս, տեսավ, ուրախացավ և հրճվեց։ (Երեսը ծածկում է հուզմունքը թակցնելու համար): Լռություն:

ԱՄԵՆՔԸ. (Գլուխները իջեցրած՝ նայում են ցած):

ՆԻԳԱՐ. (մեկուսի): Խեղճ Գալո։

ՀՐԱԶԴԱՆ. Գալո, դու ունիս իրավունք վշտանալու։ Իմ մարդիկն շտապեցին։ Բայց չէ՞ որ սա պատերազմ է, և կռվի տաք միջոցին ո՞վ կարող էր հաշվի առնել քո տրամադրությունը